Նիկոլ Փաշինյանը երկու օր Տավուշում էր, այցելեց տարբեր համայնքներ։
«Ազատություն»-ը այսօր հայտնել է, որ երկար ժամանակ սպասել է Տավուշում, որպեսզի լուսաբանի Փաշինյանի այցը, սակայն ոստիկանները լրագրողին և օպերատորին արգելել են տվյալ տարածքում գտնվել, անգամ ավտոմեքենան են հեռացնել տվել, ասել են, որ «Ազատություն»-ը հեռանա այնպիսի տեղ, որ տեսանելի չլինեն։ Նաև նշել են, որ չեն կարող թույլ տալ, որպեսզի Փաշինյանի այցը նկարահանվի կամ առհասարակ լուսաբանում լինի, դրա համար պետք էր նախապես թույլտվություն ստանալ։
«Ազատություն»-ը ստիպված է եղել հեռանալ տարածքից ու նեղլիկ փողոցներից մեկում տեղակայվելով՝ մի քանի կադր նկարահանել, թե բազմաթիվ թիկնապահներով շրջապատված և միայն ու միայն Կառավարության օպերատորի տեսախցիկի առաջ ինչպես է Փաշինյանն անցնում շներով ստուգված, «սանրած» ու վերահսկվող տարածքով։
Ինչպես ամենուր, Տավուշում ուժեղացված հոսկողություն է եղել, ոստիկանական մեծ ուժեր են ներգրավվել, «Ազատության» լրագրողը պատմել է, որ անգամ շներ են տարածքներ բերվել, որոնք նախապես հոտոտել են, ստուգել են, հետո միայն Փաշինյանին ուղեկցել են այդտեղ։
Ինչպես տեսնում ենք, Կառավարության գլխի վախերը անպատկերացնելի չափերի են հասել. նա խուսափում է լրատվամիջոցներից։ Նրա մարզային և այլ այցերը նկարահանում է միայն Կառավարության օպերատորը, այլ լրատվամիջոցներից, անգամ՝ յուրային, իշխանամետ, նա խուսափում է։ Իսկ գիտենք, որ նրա շուրջը կան զլմների այնպիսի անձնազոհ ներկայացուցիչներ, որոնք ավելի շուտ հարազատ երեխայից կհրաժարվեն, քան Փաշինյանին վնասող որևէ կադր կամ խոսք կհրապարակեն։
Տարածում է միայն անձնական օպերատորի նկարահանած տեսանյութերը, այսինքն՝ բացառապես այն, ինչ ինքն է ընտրում, զտում ու հրապարակման համար նպատակահարմար գտնում։ Իսկ թե ինչ է կատարվում այդ մեկ տեսախցիկի նկարած, հետո մոնտաժած կադրերից բացի, կարելի է միայն իրատեսական ենթադրություններ անել։
Այս վարվելակերպի հեղինակը Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած նախկին լրագրող-վարչապետն է. նա, ով ՀՀ ամենաբարձր ամբիոններից դատափետում էր նախկիններին ազատ խոսքը «փակի տակ պահելու» մեջ։