Երկու ամիս առաջ Ագրարային համալսարանում ստորագրահավաք է տեղի ունեցել։ Այն ժամանակ ռեկտորի պաշտոնակատարը խոստացել էր, որ համալսարանից որևէ տարածք չի հանձնվելու Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։ Մենք հավատացինք, բայց ստացվում է, որ այսօրվա ղեկավարությունն ինչ-որ տեղ համաձայնություն տվել է Ագրարային համալսարանի տարածքը Ֆրանսիական համալսարանին տրամադրել առանց դասախոսների ու ուսանողների համաձայնության։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Ագրարային համալսարանի՝ բողոքի ակցիային մասնակցող դասախոսներից Արա Ամիրյանը։
«Հիմա մենք ոտքի ենք կանգնել։ Խնդիրն այն է, որ մեր շենքը չհանձնեն Ֆրանսիական համալսարանին։ Այն մասնաշենքը, որը հանձնում են, ունենք տեխնիկա, գոյություն ունեն գյուղատնտեսական տարբեր մեքենաներ։ Այնտեղ կա մի հատ պրեսս, որը 100 տոննա է։ Ես ուսանող էի, երբ այդ շենքը կառուցում էին։ Դեռ շենքը չկառուցած այդ 100 տոննայանոց պրեսսը տեղադրել են։ Պատկերացնո՞ւմ եք դա հանելու համար ոչ մի տեխնիկա չի կարող օգնել, կամ շենքը պիտի հանես, կամ մաս-մաս մեքենայով փչացնեն։ Այդպիսի պրեսսը Սովետական միությունում եղել է 3 հատ, որից մեկը մեզ մոտ է»,- նշեց դասախոսը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիական համալսարանի խնդիրը կարգավորելու համար մեծ վնաս է հասցվում Ագրարային համալսարանին։
«ԿԳՄՍ-ն փոխանակը խորը հետազոտություն աներ և տեսներ՝ արդյոք ինչ արդյունքներ են լինելու մեր հետ և ինչքան օգուտ է լինելու Ֆրանսիականին… նոր մտներ կառավարություն այդ հարցով։ 10 օր առաջ Փաշինյանն ասում էր՝ մի քանի տարի հետո գնում ենք Ակադեմիական քաղաք։ Է, թող սպասեին, թող գնայինք։ Բայց մի շտապեք, պարո՛ն Փաշինյան։ Մենք չենք հանձնվելու։ Այս պահին պատրաստ չենք, որ մեր հաշվին 1ք/մ էլ Ֆրանսիական համալսարանին տանք»,- ասաց դասախոսը։