«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրիտիկական կարևորության ռազմավարական ենթակառուցվածք է։ Ամբողջ աշխարհում կառավարություններն անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն միջամտել նման ենթակառուցվածքների գործունեությանը, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» («ՀԷՑ») ազգայնացումը կարող է զգալի պետական ծախսեր առաջացնել, Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ գոյություն ունի «այլ ձևով» լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորություն։
«Դուք հիշատակում եք «ՀԷՑ»-ի վարկային պարտավորությունները, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք չեն ավելացնում, այլ ընդհակառակը, նվազեցնում են ընկերության արժեքը, քանի որ արտացոլվում են ոչ թե ակտիվներում, այլ պասիվներում։ Ավելին, այդ պարտավորությունները չեն ընկնում պետության վրա. դրանք ծածկում են սպառողները՝ վճարելով սպառված, իսկ մի շարք դեպքերում՝ նաև չսպառված էլեկտրաէներգիայի դիմաց։ Ուստի, մի՛ նկարագրեք ապոկալիպտիկ սցենարներ. դրանք պարզապես գոյություն չունեն», – ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ բոլոր անհրաժեշտ հաշվարկների կատարումից հետո հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի ամենի մասին։