Արբիտրաժային դատարանի վճիռը ենթակա է անհապաղ կատարման, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով ՀՀ կառավարությանը հաղթելու փաստին։
«Առանց այն էլ ՀՀ ներդրումային գրավչությունը ցածր մակարդակի վրա է, և երբ մի հատ էլ տեղի է ունենում սեփականության իրավունքի խզում, ապագա ներդրումների մասին պետք է մոռանալ։ Երբ Հայաստանը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել որոշակի ներդրումային միջավայր, այն փչացնելուց հետո 300 տարի է անհրաժեշտ լինելու իրավիճակը շտկելու համար»,- ասաց նա։
Հարցին՝ պատրա՞ստ են համագործակցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք քաղաքական ուժի հետ, Նաիրի Սարգսյանը պատասխանեց՝ դեռ ոչինչ չի կարող ասել, պետք է հասկանան՝ ինչ դերակատարներ և նպատակադրումներ են ի հայտ գալիս։
«Եթե դերակատարները տեխնոկրատներ են, իհարկե չենք բացառում։ Մեր կռիվը ՀՀ պահպանման և հարատևման համար է, և այս ճանապարհին կարող ենք համագործակցել ցանկացած առողջ ուժի հետ»,- ասաց բանախոսը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։