Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը ինչ-որ չափով առկա են, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ նշել էր՝ ԱՄՆ–ն Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը վերջին բանն է, որը Վաշինգտոնը կցանկանար:
«Մեր ինքնիշխանության և կարմիր գծերի շրջանակում ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք: ՀՀ կառավարությունը այդ ամենն իրականացնում է այդ նպատակով:
Ամերիկյան կողմի հայտարարությունը. ես, իհարկե, դրա մասնագետը չեմ, բայց ցանկացած հայտարարության, որը կօգնի կողմերին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, դրական վերաբերմունք ունեմ, և հակառակը՝ եթե կլինի հայտարարություն, որը կհեռացնի կողմերին կամ կողմերից մեկին այդ հայտարարություններից, բնականաբար, բացասական կգնահատեմ»,- ասաց Գևորգ Պապոյանը:





