Մեր ընդդիմադիր գործընկերներն ուզում են շարժվել այլ պետության օրակարգով, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք մեր օրակարգը պետք է բերենք, մենք որոշել ենք, ու ժողովուրդը մեզ սատարում է, որ պետք է խաղաղություն հաստատենք։ Մենք այդ ընթացքում տարբեր խնդիրների ենք բախվելու, և դրանք լուծելը մեր աշխատանքն է։ Եթե այդ խնդիրները չլինեին, խաղաղության պայմանագրի գործընթացը ավարտված կլիներ։ Հիմա իմ ասածն այն է՝ մի մտեք այլ տրամաբանության մեջ։
Այն փաստաթուղթը, որը հիմա քննարկվում է, մենք միակողմանի չենք գրել, քննարկել ենք իրենց հետ ու եկել համաձայնության, դա միակողմանի չէ։ Պետք է ասեմ, որ վերջին ժամանակահատվածում որևիցե քննարկում, որտեղ Ադրբեջանի կողմից ունեցել ենք վստահեցում, որ դա իրենց համար ընդունելի է, մենք խոչընդոտների չենք հանդիպել»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը միաժամանակ նշեց՝ Արմեն Ռուստամյանը և իր կուսակցությունն ուզում են ամբողջությամբ տապալել այս գործընթացը։
«Ինչը չեն էլ թաքցնում, նույնիսկ շրջաբերական են պտտեցնում դրա վերաբերյալ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն առաջարկել էր ԱԺ օրակարգում պահել Հայստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, սակայն չվավերացնել՝ տեսնելով, թե ինչ է անում Ադրբեջանը:
«Ես իմ կողմից ամեն ինչ պետք է անեմ իմ օրակարգը առաջ տանելու և որոշակի միջազգայնորեն ընդունված սկզբունքներ ֆիքսելու համար։ Ես չեմ կարող տեղավորվել ադրբեջանական, ռուսական, թուրքական կամ որևէ այլ երկրի տրամաբանության մեջ։
Հայաստանը պետք է ունենա իր տրամաբանությունը, իր օրակարգը, սովորե՛ք, որ Հայաստանն ունի իր տրամաբանությունը, պրոցեսները և այդ ուղղությամբ առաջ է շարժվելու: Անկախ նրանից, որ դիմացինը դա ուզում է, թե չի ուզում, մենք փորձելու ենք ելքեր գտնել ու գնալ առաջ»,- ամփոփեց ԱԺ նախագահը: