Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանն օրինակ չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը, մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրականում ինքը այդպիսի մտավախություն չունի, որ Բաքուն կարող է չվավերացնել:
«Վերջիվերջո մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք։ Այնպես չէ, որ մենք նստեցինք, որոշեցինք ինչ-որ փաստաթուղթ վավերացնենք, տեսնենք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե չէ, և բերել ԱԺ: Իրավական առումով որևիցե ռիսկ իր մեջ չի պարունակում, քանի որ օրինական ուժ չի ստանում՝ մինչև չփոխանակենք»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին՝ հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս կգան, ԱԺ նախագահը պատասխանեց՝ այդ մանրուքը չեն քննարկել։
«Մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այս պահին ինչ քննարկում են Ադրբեջանի հետ, դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է նրանց հետ: