Կառավարության պատասխանատուներն օրեր առաջ տեղեկացրին, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների ճշգրտման աշխատանքները (Տավուշից հետո) կիրականացվի Սյունիքում։
Պատճառաբանվում է, թե «արտահերթ» սահմանազատումը կատարվում է, որպեսզի TRIPP–ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստ բերենք։
«Արտահերթ» սահմանազատման ուրվականն արդեն իսկ բազմաթիվ ողջամիտ հարցերի տեղիք է տվել Սյունիքում։
Առկա տարակույսների օրինաչափ և իրավաչափ բնույթը հիմնավորելու համար որերորդ անգամ փաստենք՝ Սյունիքի արևելյան սահմանները 1920-ից ի վեր երկու անգամ արդեն սահմանազատվել–սահմանագծվել են։
Երկու դեպքում էլ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի կառավարություններն ընդունել են համապատասխան հանձնաժողովների աշխատանքների արդյունքները և հաստատել դրանք։
Ասել է թե՝ Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սյունիքի արևելյան հատվածում, սահմանային վեճ գոյություն չի ունեցել։
Հիշենք և հիշեցնենք՝ առաջին անգամ սահմանազատման–սահմանագծման աշխատանքներ Սյունիքում կատարվել են 1920-ականներին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված պետական հանձնաժողովի կողմից։
Զանգեզուրի գավառի և Ադրբեջանի Կարմիր Քյուրդիստան գավառի միջև սահմանները ճշտելու նպատակով ստեղծված պետական հանձնաժողովում հայկական կողմից ընդգրկված էր մեր մեծ արձակագիր Ակսել Բակունցը՝ իբրև փորձառու հողաշինարար։
Նրա զեկուցումներից և գրառումներից ակնհայտ է դառնում, թե ինչ մանրամասնությամբ են ճշտվել սահմանները։
Սյունիքի շրջանների և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև սահմանների ճշտում՝ երկրորդ անգամ, կատարվել է 1980-ականներին. հայկական կողմը ներկայացնում էր պետական նշանավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը։
Այդ աշխատանքներին աջակցել են Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի շրջանների ղեկավարները, որոնց մի մասը բարեբախտաբար ողջ է. այսօր էլ նրանք պատմում–ներկայացնում են, թե ինչպիսի մանրամասնությամբ ու հիմնավորվածությամբ են կատարվել աշխատանքները։
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից ստեղծված այդ հանձնաժողովի աշխատանքները նույնպես ավարտին են հասցվել, իսկ արդյունքները հիմք են ընդունել կողմերը (այլ հարց է, թե տվյալ փաստաթուղթն ինչո՞ւ չի գաղտնազերծվում–հանրայնացվում և ինչո՞ւ չի դրվում բանակցային սեղանին)։
Այդ ամենը վերհիշելուց հետո նորից ենք արձանագրում՝ Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սյունիքի արևելյան հատվածում սահմանային վեճ գոյություն չի ունեցել։
***
Հաջորդ հանգամանքը. մեր հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ փորձում են համոզել, թե սահմանների ճշգրտման հարցում առաջնորդվել և առաջնորդվում են 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա–Աթայի հռչակագրով, որի մեջ (առանց կցվող քարտեզի) պարզապես գրված է՝ «Ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։
Եվ ուրեմն, եթե կողմերը ճանաչում են խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, եթե 1991-ին՝ Խորհրդային Միության փլուզման պահին, մեր ու Ադրբեջանի միջև սահմանային վեճ գոյություն չի ունեցել, ապա ի՞նչն է ստիպում մեզ՝ նորից ճշտելու քանիցս ճշտված սահմանը։
Հայաստանի գործող կառավարությունն այդպես էլ չի ասում՝ արդյո՞ք առ ոչինչ են ճանաչվել 1920-ականներին և 1980-ականներին կատարված սահմանազատման–սահմանագծման աշխատանքները։ Եթե այո, ապա պետական ո՞ր մարմինն ու ե՞րբ է նման որոշում կայացրել և ի՞նչ պատճառաբանությամբ։
Եթե այո, ապա ի՞նչ իմաստ ունի րոպեն մեկ՝ տեղի–անտեղի, հիշել Ալմա–Աթայի հռչակագրի մասին, որի ամրագրած սկզբունքը վաղուց չի գործում։
Եթե այո, ապա ի՞նչ քարտեզով ենք առաջնորդվելու՝ հանուն Թրամփի ճանապարհի իրականացվելիք «արտահերթ» սահմանազատումը Մեղրու արևելյան հատվածում կատարելիս։
***
Եվ, այդքանով հանդերձ, եկեք մի պահ հավատանք ՀՀ կառավարությանը. այսինքն՝ Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն ու հիմա ճշտելու անհրաժեշտություն է առաջացել։
Շատ լավ…
Այդ դեպքում նոր հարցեր են առաջանում։
Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ի՞նչ սկզբունքով և ինչի՞ հիման վրա ենք խորհրդային 70 տարիներին մշտապես Գորիսի շրջանի մաս կազմող Շուռնուխի արևելյան հատվածը 2021 թ. հունվարի 2-ին նվիրել Ադրբեջանին։
Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ի՞նչ սկզբունքով և ինչի՞ հիման վրա ենք 2020 թ. դեկտեմբերի 18-ին հայկական զորքերը հետ քաշել Սյունիքի արևելյան սահմաններից, Գորիս–Կապան և Կապան–Ճակատեն ավտոխճուղին էլ նվիրել Ադրբեջանին։
Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ի՞նչ սկզբունքով և ինչի՞ հիման վրա ենք 2021–ի մայիսին Սև լճի արևելյան հատվածը, Գորիսի տարածաշրջանի վրա ամենաիշխող՝ Գլուխ Ձագեձորո լեռնագագաթը զիջել թուրքին։
Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ի՞նչ սկզբունքով և ինչի՞ հիման վրա ենք 2022-ի սեպտեմբերին Գորայքի արոտավայրերի հյուսիսային հատվածը, Մեծ Իշխանասարը, Ներքին Հանդը (երեք կողմից) զիջել Ադրբեջանին։
Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ինչո՞ւ Տեղ գյուղի արևելյան մատույցները (մոտ 100 հա) 2023-ի մարտին զիջեցինք Ադրբեջանին։
Այդ ամենը, ցավոք, վկայում է այն մասին, որ Ալմա–Աթայի 1991 թ. հռչակագիրը չի գործել ու չի գործում։
Ավելի ցավալի է, որ ինքներս մեզ խաբում ենք ու մխիթարում, թե առաջնորդվում ենք այդ հռչակագրով։
Ներող եղեք, բայց իր ծավալապաշտական նկրտումների մեջ ավելի անկեղծ է Ադրբեջանը, որի ղեկավարը վաղուց է թքել Ալմա–Աթայի հռչակագրի ու Խորհրդային Հայաստանի քարտեզի վրա և մեզ շրջապատող կարևորագույն բարձունքների տերը դարձել։
Այս իրավիճակում, խոստովանենք, այլևս չենք զարմանում մեր տարածքային իշխանների ու այսպես կոչված պատգամավորների անդեմության շքերթի վրա, երբ տեղի-անտեղի, հայտարարում են, թե առաջիկա սահմանազատումից ու սահմանագծումից հետո բռնազավթված սյունիքյան տարածքները վերադարձվելու են։ Եվ այդ արարածներին թվում է, թե Սյունիքում որևէ մեկն իրենց լուրջ է ընդունում։
***
Սյունիքում և հատկապես Մեղրու ուղղությամբ սահմանազատում–սահմանագծում կատարելու հարցում մեր մտահոգություններն արտահայտել ենք 2025 թ. օգոստոսի 14-ի հոդվածում՝ «Հյուսիսից և արևելքից արդեն իսկ օկուպացված Սյունիքը շրջափակվում է նաև հարավից, ո՞ւր մնաց ինքնիշխանության մասին մեր չդադարող բարբաջը»։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքն էր առաջինը, ով բարձրաձայնեց Սյունիքով անցնելիք միջանցքը Միացյալ Նահանգներին ապապատվիրակելու մասին՝ հայտարարելով նաև՝ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կմ երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Տվեք մեզ վարձակալության այդ ճանապարհը և բոլորով կօգտվենք դրանից»։
Ճանապարհի՝ 32 կմ երկարության հիշատակումն առնվազն անսպասելի ու տարօրինակ է եղել և շարունակում է մնալ կասկածելի։
Իրականում՝ Նռնաձորից մինչև Նախիջևանի սահման՝ Ծիրանաձոր (Արաքսի հունին զուգահեռ) ճանապարհի երկարությունը մոտ 44 կմ է (այդպես է՝ ըստ Խորհրդային Հայաստանի վերջին քարտեզի)։
Եվ հանկարծ ԱՄՆ դեսպանը 44 կմ երկարությամբ ճանապարհի երկարությունը նվազեցնում է 12 կմ-ով և համարում 32 կմ։
Թվերի այս խաղի խորքում, ասել ենք, ադրբեջանաթուրքական հերթական որոգայթն է։
Ադրբեջանը, ըստ այդ երկրի մամուլի հրապարակումների, Նռնաձորի (երբեմնի Նյուվադիի, որ ի սկզբանե Արևիք գավառի Էռնա հայկական գյուղն էր) հատվածը վաղուց իրենն է համարում՝ 10-12 կմ խորությամբ։
Եվ ուրեմն, կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանում իշխող այդ տեսակետն է հաշվի առել ԱՄՆ դեսպանը, երբ Մեղրու տարածքի՝ Արաքսի առափնյա հատվածի երկարությունը համարել է 32 կմ։
Այդ ամենը հաշվի առնելով է, որ Սյունիքում իրավացիորեն տարակուսում են՝ արդյո՞ք Թրամփի ճանապարհի կառուցմանը նպաստելու պատրվակով՝ Մեղրու արևելյան սահմանի «արտահերթ» ճշգրտման հարցն առաջ է քաշել Ադրբեջանը՝ իր հերթական տարածքային պահանջը բավարարելու համար։
Սահմանազատման աշխատանքներում մեր ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանից, իհարկե, անկեղծություն չենք ակնկալում, բայց նա պարտավոր է պարզաբանել՝ ինչո՞ւ պետք է նորից սահմանազատենք–սահմանագծենք Մեղրու արևելյան սահմանը, եթե երկու անգամ պետական սահմանն այդտեղ ճշգրտվել է, եթե 1991 թ. այդտեղ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճ գոյություն չի ունեցել։
Մհեր Գրիգորյանը «արտահերթ» սահմանազատման աշխատանքները սկսելուց առաջ պարտավոր է պարզաբանել ևս մեկ պարզագույն հարց՝ քանի՞ կմ երկարություն ունի Նռնաձորից մինչև Նախիջևանի սահման ընկած տարածքը՝ Արաքսի առափնյա հատվածի երկարությամբ։
Երեսուներկո՞ւ կիլոմետրն է մեր ինքնիշխանության ներքո, թե՞ Խորհրդային Հայաստանի քարտեզով հաստատված 44 կիլոմետրը։
Աղբյուր՝ «Սյունաց երկիր»





