Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մեհրիբան Ալիեւան Ֆրանսիայի Սենատի նիստից առաջ շտապել է հրաժարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպանի» դերից

Ադրբեջանի առաջին տիկին, համատեղության կարգով առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան անսպասելիորեն որոշել է նեղանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիեւան հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպանի» դերից, ինչի մասին տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեին ուղղված նամակում:

Բաքվում հանկարծ մոռացան հանդիպումների ժամանակ բազմիցս արտահայտված «գիտության եւ կրթության բնագավառում Ադրբեջանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցության զարգացման գոհունակությունը» եւ որոշեցին հիշեցնել Ազուելին նրա ծագումը։

«Մեհրիբան Ալիեւայի այս որոշումը դիվանագիտական լեզվով բողոք է Ադրբեջանի նկատմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկակի մոտեցման դեմ, հատկապես վերջին տարիներին»,-բացատրում է Ալիեւի վարչակազմին մոտ գտնվող պարբերականը։

Այս տարիների ընթացքում խոչընդոտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին՝ Բաքուն մեղադրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ այցը դեռ կազմակերպված չէ։

Սակայն «վրդովմունքի» իրական պատճառն այն է, որ Ազուլեն Ֆրանսիայից է։ Ինչպես նշվում է Ալիեւայի նամակում, «Օդրի Ազուլեի մոտեցումների հիմքում ընկած է Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի զրպարտչական արշավը եւ նրա հակասական դիրքորոշումը Բաքվի նկատմամբ»։

Մինչդեռ այսօր Ֆրանսիայի Սենատը մտադիր է քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին բանաձեւը։ Այսպիսով, Մեհրիբան Ալիեւայի՝ Ֆրանսիայից եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ից «նեղանալու» որոշումը ոչ այլ ինչ է, քան կանխարգելիչ քայլ անելու փորձ։  Իրականում այն հանգամանքը, որ մարդկության դեմ զանգվածային հանցագործություններ կատարած երկրի առաջին փոխնախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է, ուղղակի ամոթ է այդ կազմակերպության համար։ Եվ որքան շուտ շտկվի սխալը, այնքան լավ կլինի հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար:

news.am