Այսօր Գորիսի պետական համալսարանում Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) և Գորիսի պետական համալսարանի միջև համագործակցության շրջանակում և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ մեկնարկեց հայ-ավստրիական աշնանային դպրոցը, որին մասնակցում են Սյունիքի պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ ոչ միայն ԳՊՀ-ից, նաև Ավստրայից:
Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Սյունիքի պատմությանը, պատմամշակութային ժառանգությանը, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ դեպի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիններ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ։
Հանդիպմանը ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին՝ անդրադառնալով հայ-ավստրիական աշնանային դպրոցի կազմակերպման կարևորությանը, որը կնպաստի ուսանողների՝ ազգային ժառանգության և մշակույթի պահպանմանն ուղղված գիտելիքների ամրապնդմանն ու գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:
Դասախոսություններով հանդես եկան Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի գիտաշխատող Տիգրան Սարգսյանը, ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի ասիստենտ Գայանե Շաբունցը: Ակտիվ հարցուպատասխանի միջոցով բանախոսներն անդրադարձան Սյունիքի մշակութային ժառանգությանը, Սյունիքի՝ 7-14-րդ դարերի պատմությանը, արխիվային փաստաթղթերի՝ որպես պատմության սկզբնաղբուրին, վիմագրությանը, մատենագիտությանն ու ձեռագրագիտությանը վերաբերող թեմաներին: