Եթե իմ աշխատանքի ժամանակ ես ստանայի ստույգ փաստեր, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է դավաճանական գործունեություն, դավաճանություն, դավադրություն Արցախի կամ ՀՀ-ի նկատմամբ, անպայման արձագանք կլիներ։ Ես նման տեղեկություն՝ իմ ծառայության ժամանակ չեմ ստացել։ Այս մասին «24 news» լրատվականի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարում է, որ ինչ-որ բան Վանեցյանն իմացել և չի զեկուցել իրեն, Վանեցյանն արձագանքեց՝ նշելով, որ մարդը, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, պետք է իմանա իր խոսքի արժեքը և պետք է հասկանա, որ իր խոսքերին լուրջ են վերաբերում, մինչդեռ, գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ դեպքերում խոսում է ինչ-որ բաների մասին՝ այդ պահի դրդմամբ։
«Ես չեմ կարծում, որ դրանով ինձ կվարկաբեկեն։ Իմ հրաժարականից հետո ողջ քարոզչությունը կառուցված է եղել ինձ վարկաբեկելու մեջ, բայց եկեք փաստենք, որ որևէ մի իրենց ասած կեղծ լուր չի հաստատվել։ Ասում են մի բան, սարքում են մեծ աղմուկ և, ի վերջո, մոռանում են»,- նշեց Վանեցյանը՝ հիշեցնելով, որ իրեն մեղադրում էին Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, տարել ձերբակալել են, ոչ մի ապացույց չկա՝ զրո ապացույց ներկայացրին, իրեն ազատեցին և այդ դեպքից շուրջ մեկ տարի անց որևէ գործողություն չկա, պարզապես ինքը մեղադրյալի կարգավիճակում է և սահմանափակված է իր ելքը ՀՀ-ից։
Իսկ թե ինչու է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը վստահվել ԱԱԾ ղեկավարներին, Վանեցյանը նշեց, որ հատուկ ծառայություններն ունեն իրենց առանձնահատկությունները, հատուկ ծառայության աշխատակիցները գրեթե ողջ աշխարհում մտածում են նույն կերպ, նրանք մարդիկ են, որոնք իրենց կյանքը նվիրել են երկրի անվտանգության ապահովմանը։ Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունները կարողանում են իրար հետ խոսել՝ չպահպանելով դիվանագիտական լեզուն, էթիկետը, կարողանում են հարցերին տալ օպերատիվ լուծում, պահել գաղտնիությունը։
Հարցին՝ արդյո՞ք իր մտքով երբևէ չի անցել, որ այդ գործընթացում կարող է ինչ-որ բան այն չլինել, Վանեցյանը պատասխանեց՝ նշելով, որ եթե իր մտքով չանցներ, որ առհասարակ ինչ-որ բան այն չէ մեր երկրում, ինքը մինչ օրս կշարունակեր պաշտոնավարել որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն։
Աղբյուր` Փաստինֆո




