Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հրդեհը փոխել է ուղղությունը, զոհերի թիվը հասել է 16-ի, լոսանջելեսցիները դժգոհ են իշխանություններից

ԱՄՆ-ի պատմության ամենակործանարար անտառային հրդեհներից մեկը, որն այս շաբաթ արդեն ավերել է Լոս Անջելեսի որոշ հատվածներ, քամիների պատճառով փոխել է ուղղությունը, ինչի հետևանքով 153.000 մարդ անհապաղ տարհանվել է, ևս 166.000-ը նախազգուշացվել է` լքելու իրենց տները:

Անցյալ երեքշաբթի Լոս Անջելեսի տարածաշրջանում բռնկված հրդեհներն ընդգրկում են 15 հազար հեկտար։ Տեղայնացվել է ևս երեք բռնկում։

Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները։ Հրդեհի հետևանքով լրջորեն վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է 12 հազար շինություն։

Կիրակի առավոտյան, ըստ քաղաքային իշխանությունների, զոհերի թիվը հասել է 16-ի:

Հրդեհն ընդգրկել  է քաղաքի նոր տարածքներ, երբ կարճատև դադարից հետո  ուժգին քամիները վերսկսվել են:

Կարող է շաբաթներ տևել հրդեհը մարելու համար.  կարծում է Եվրոպական անտառային ինստիտուտի անտառային հրդեհների հարցերով փորձագետ Լինդոն Պրոնտոն:

Արտակարգ իրավիճակների ծառայությունները զգուշացնում են, որ դրությունը շարունակում է մնալ խիստ վտանգավոր։

«Առաջիկա օրերին քամիները կրկին կուժեղանան», – ասել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) ղեկավար Դին Քրիսվելը:

Իշխանությունները նշում են, որ դեռևս չեն կարող ասել հրդեհների պատճառները:

Անտառային հրդեհները տեղի են ունենում բնական ճանապարհով։ Գիտնականներն ասում են, որ մարդու միջամտությամբ  առաջացած կլիմայի փոփոխությունը զգալիորեն ազդում է եղանակի և հրդեհների դինամիկայի վրա:

Լոս Անջելեսի բնակիչների շրջանում աճում է դժգոհությունը իշխանությունների գործողություններից և նման աղետներին անպատրաստ լինելուց։

Նախօրեին Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն ասել էր, որ կհրամայի անկախ հետաքննություն անցկացնել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքի վերաբերյալ։

Մասնավորապես, հրդեհի բռնկման առաջին ժամերին պարզ է դարձել, որ այն մարելու համար ջրի բավարար պաշարներ չկան։ Նահանգապետի խոսքով՝ սա շատ մտահոգիչ է, եւ նախաքննության ընթացքում պետք է շատ հարցերի պատասխաններ տրվեն։

Լոս Անջելեսի հրշեջների ղեկավար Քրիստին Քրոուլին մատնանշում է ծառայության վերջին ֆինանսավորման կրճատումները:

Նա ասել է, որ իր ղեկավարած բաժինը թերի ռեսուրսներ ու թերի անձնակազմ ունի։

Թալանի մասին տեղեկությունների ֆոնին տարհանված գոտիներում պարետային ժամ է սահմանվել։ Հաղորդվում է տասնյակ ձերբակալությունների մասին։

Որոշ շրջաններում բնակիչներն իրենք են ստեղծել զինված պարեկային խմբեր՝ տարածքը պաշտպանելու համար: