Հրազդանցի ակտիվիստ Լուսինե Թադևոսյանը նկարահանել է, թե ինչպես է Հրազդանի Սահմանադրության հրապարակում Հայ եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնում ԱՄՆ-ից հատուկ ժամանած ոմն Անդրանիկ Դովլաթյանը։
Հրազդանի համայնքապետարանը նրան թույլ է տվել ակցիան իրականացնել։ Ինչպես տեսանյութում ներկայացնում է Լուսինե Թադևոսյանը, Դովլաթյանը Հրազդանի քաղաքային իշխանություններին ներկայացրել է, թե իբր մշակութային միջոցառում է անց կացնելու ու դրա անվան տակ հակաեկեղեցական քարոզ է արել։
Բարեբախտաբար, նա լսարան չի ունեցել, հրազդանցիները նրան վռնդել են և թույլ չեն տվել շարունակել հակաեկեղեցական սադրիչ «մշակութային միջոցառումը»։
Հայտնի է, որ մինչև փետրվարի 24-ը՝ Էջմիածնում ծրագրած հակաեկեղեցական մեծ ակցիան, Դովլաթյանը մտադիր է Գյումրիում ու այլ քաղաքներում ևս հավաքներ կազմակերպել։
Նշենք, որ Անդրանիկ Դովլաթյանն ինքնամոռաց հավանում ու պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։
Նշենք նաև, որ կաթողիկոսի ու հայ եկեղեցու դեմ ուղղված ակցիան նա անց է կացնում «Վարդանանք» մշակութային շարժման անվան տակ՝ մոռանալով, որ 5-րդ դարում Վարդանանք հենց հայ հոգևորականներից ու ռազմիկներից կազմված այն փաղանգն էր, որը պայքարում էր հայ եկեղեցու, հայոց լեզվի, քրիստոնեության ու Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այդ նպատակի համար էլ զոհվեց Ավարայրի ճակատամարտում։