«Հռոմի ստատուտը հնարավորություն է տալիս միջազգային քրեական դատախազական ու դատական համակարգին ՀՀ-ի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունները քննել, վեր հանել։ Դա լավ պաշտպանողական քննչական գործիք է, որից ափսոս էր, որ մեր պետությունը չօգտվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Ինչպես հայտնի է, Հռոմի ստատուտի վավերացումը կապվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան, ավելի ստույգ՝ նրան ձերբակալելու միջազգային որոշման հետ։
Լրագրողները հետաքրքրվել են՝ եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նրան ձերբակալելո՞ւ են, նրան մեր երկրում համարո՞ւմ են հանցագործ։
Գրիգոր Մինասյանը պատասխանել է. «Իրավական տեսանկյունից այդ հարցը Պուտինի հետ կապ չունի։ Իրավական առումով Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այդ նախագծի հաստատումը կառավարության կողմից ու ԱԺ-ի ընդունումը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ, դա մեր պաշտպանական գործիքակազմն է»։