ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով. «Փոխպերտքարտուղար Օ՛Բրայեն, հարգելի’ գործընկերներ, Մեծ հաճույքով եմ ողջունում Ձեզ և ԱՄՆ-ի պատվիրակությանը այստեղ՝ Երևանում, անցկացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ հանդիպումը։
Այսօրվա հանդիպումը մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ևս մեկ արտահայտությունն է, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի և ԱՄՆ միջև զարգացող գործընկերությանը։ Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին, Հայաստանի կառավարությունը վճռական է հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանն, ամրապնդել համապատասխան պետական ինստիտուտները՝ ապահովելու օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը: Այս համատեքստում, վերջին տարիներին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մեր ակտիվ մասնակցությունը Հայաստանի հանձնառության և ներգրավվածության վառ դրսևորումներից մեկն է՝ միտված առավել ամուր ժողովրդավարության կառուցմանը, որը կլինի բավականաչափ դիմակայուն՝ դիմագրավելու և հաղթահարելու բոլոր դժվարությունները։
Ես հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, լիովին աջակցում և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարական երկրները կարող են արդյունքի հասնել: Եվ հաջողության հասնելու համար, մենք պետք է խորացնենք բազմաոլորտ և տարբեր ուղղություններ ընդգրկող համագործակցությունը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով տնտեսության և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության, արդարադատության և օրենքի գերակայության ոլորտները: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Այս համատեքստում ցանկանում եմ հիշատակել 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը և համատեղ մամուլի հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունները։
Մենք նաև կարծում ենք, որ ՀՀ-ԱՄՆ ընդլայնված գործընկերությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին` հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։ Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է մեր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ: Հարգելի’ գործընկերներ, Անդրադառնալով այսօրվա հանդիպման օրակարգին՝ մենք քննարկելու ենք կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտում համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ:
Մենք արդյունավետորեն համագործակցել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հովանու ներքո ստեղծված երեք աշխատանքային խմբերի շրջանակներում՝ համապատասխան հանդիպումներ անցկացնելով 2023 թվականի ընթացքում: Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ Ռազմավարական Գործընկերության հանձնաժողովի մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը: Ոլորտային համագործակցության մասով. Այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկել աճող տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակներում և առևտրի հետագա ազատականացման նպատակով, ինչը կարող է ավելի մեծ բարգավաճում, տնտեսության զարգացման և այն ավելի դիմակայուն դարձնելու նոր հնարավորություններ տալ Հայաստանին։ Ես վստահ եմ, որ կան լրացուցիչ մեխանիզմներ և արդյունավետ գործիքներ՝ աջակցելու տնտեսության դիվերսիֆիկացմանը, և մենք կքննարկենք, թե ինչպես դրանք լավագույնս օգտագործել: Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, էներգետիկայի դիվերսիֆիկացիան նույնպես մեր օրակարգի կարևոր բաղադրիչ է, և մենք կքննարկենք արդեն իսկ կատարված աշխատանքը և կդիտարկենք հեռանկարները, այդ թվում՝ միջուկային էներգիայի և վերականգնվող աղբյուրների ոլորտներում: Պաշտպանական համագործակցության մասով. գոհունակությամբ պետք է նշեմ 2023թ. «Արծիվ գործընկեր» զորավարժության անցկացումը:
Մենք շահագրգռված ենք Հայաստանի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ: Կցանկանայի նաև ընդգծել արդարադատության և հանրային կառավարման բարեփոխումները և Հայաստանի հանձնառությունն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների համար ավելի ամուր, ավելի ապահով և առաջադեմ միջավայրի կառուցմանը: Մենք զգալի առաջընթաց ունենք, արդյունքները շոշափելի են ու տեսանելի։ Հարգելի’ գործընկերներ, Առանձնացրեցի մեր այսօրվա հիմնական առաջնահերթությունները, մինչդեռ համագործակցության ընդլայնման մեր հետաքրքրությունն իմ նշած ոլորտներից անդին է:
Մեր առջև ունենք համապարփակ օրակարգ, և ես ակնկալում եմ արդյունավետ նիստի անցկացում: Վստահ եմ, որ մեր այսօրվա քննարկումներն էլ ավելի կամրապնդեն մեր գործընկերությունը և կխթանեն ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը:»