Մերժումներ եղել են միայն այն դեպքում, երբ ընդունելության պետք է գային ՔՊ-ական պատգամավորները. մյուս դեպքերում ընդունելությունները կայանում են, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության համար ներկայացած Էդգար Ղազարյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ԱԺ փոխնախագահները ոչ մի անգամ չեն ընդունել իրեն։
«Իսկ մշտական հանձնաժողովներում բոլոր այն դեպքերում, երբ հերթապահում է ՔՊ-ական պատգամավոր, հանդիպում-ընդունելություններ չեն կայանում։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ իրենք արդեն ունեն խմբակցության ընդհանուր դիրքորոշում, որ պետք է ինձ ոչ մի պարագայում ընդունելության չարժանացնեն։
Բայց սա ակնհայտ պօրինություն է, որովհետև դա իրենց պարտականությունն է՝ հանդիպել քաղաքացիներին՝ առավել ևս, որ ընդունելության նախաձեռնությունն Ազգային ժողովինն է, ոչ թե իմը։ Ես չեմ խնդրել իրենց, իրենք են հայտարարել քաղաքացիների ընդունելություն. ես, որպես քաղաքացի, գրանցվել եմ և գալիս եմ ընդունելության և ամեն անգամ հանդիպում եմ խտրական վերաբերմունքի, որովհետև ընդունելության ներկայացող այլ քաղաքացիների արժանացնում են ընդունելության. ԱԺ աշխատակիցն ասում է, որ միայն ինձ ընդունելության չեն արժանացնում»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանը և Ռուբեն Ռուբինյանը գրավոր պատասխանել են իրեն, որ չեն ընդունում իրեն որպես քաղաքական գործիչ։
«Այսինքն՝ ընդգծում են, որ իմ քաղաքական հայացքներն են ընդունելության չարժանանալու պատճառը։ Ընդ որում՝ Քրեական օրենսգրքում խտրականության հոդվածը նախատեսում է նաև խտրական վերաբերմունքը՝ պայմանավորված քաղաքական հայացքներով։ Եվ ի՞նչն է ցավալի. որ ես բոլոր դեպքերում հաղորդում եմ տվել դատախազություն հանցագործության մասին։ Վարույթ չեն նախաձեռնում, ոչ մի հիմանավորում չի բերում քննիչը, ասում է՝ հիմքեր չկան։ Բայց իմ ներկայացրած հանգամանքներից ոչ մեկն ուսումնասիրության առարկա չեն դարձնում»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ դատարանների գրավոր որոշումները դեռ չի ստացել։