Ապրիլի 21-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցահանդեսը։

Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը կզարդարեն 1988 թվականին «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքում Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումների բնօրինակ էսքիզները:

Գարնան ծաղկունքի հետ թանգարանում կթևածի ֆրանսիական ժողովրդական իմաստնությամբ ու հումորով լի հեքիաթների շունչը՝ արտացոլված հայ նկարչի յուրօրինակ պատկերացումներում, նրա վրձնած վառ ու գունեղ կերպարներում:

35 տարի առաջ ստեղծված էսքիզներն առաջին անգամ կցուցադրվեն: Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը շուրջ 250 գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։ Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով:
Նա մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների՝ Շվեդիա, Լեհաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան և այլն: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունները ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում:

Ցուցադրությունը նվիրված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին։