Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերոսական վաշտի հիշատակին․․․

12/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

րցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ անձնակազմը  հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների։

Հուլիսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին հանձնեցին հրամկազմի ներկայացուցիչները։ Պարգևների հանձնման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հերոսների հարազատները, այլ հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմեց ԶՈՒ գնդերեց Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը և հոտնկայս, ծափողջույններով գնահատեցին նրանց գործած աներևակայելի սխրանքը:

Մի ամբողջ վաշտի անձնակազմ հերոսաբար մարտնչել է թշնամու՝ թվաքանակով բազմակի գերազանցող, «մինչև ատամները» զինված, օդից ԱԹՍ-ների  աջակցությունը ստացող հատուկջոկատայինների դեմ, աննահանջ, մինչև վերջին փամփուշտն ու վերջին մարդը կռիվ է տվել՝ գիտակցաբար ընտրելով կատաղի մարտն ու… մահը գերադասելով նահանջից: Վաշտի բոլոր տղաներն արժանացել են ամենաբարձր գնահատանքի ու պարգևների, ցավոք, հետմահու… Հանդիսավոր արարողությանը հերոսական վաշտի տղաների պարգևները՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, հանձնեցին նրանց հարազատներին, որոնք վերջին պատերազմում կորցրել են ամենաթանկը… Եվ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է վերապրում կորստի ցավը, յուրովի գնահատում իր հարազատի գործած սխրանքը:

Մարիետա Բալայանը նույն այս կենաց-մահու ճակատում ոչ թե մեկ, այլ երկու որդի է կորցրել:

«Մեծս՝ Վահեն, սովորում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում, ուզում էր հոգևորական դառնալ: Երկու տղաներս՝ Դավիթն ու Վահեն, միասին գնացին ծառայության: …Վերջին անգամ որդիներիս հետ խոսել եմ հոկտեմբերի 9-ին, ժամը յոթին: Դավիթս զանգեց: Այնքան էլ երկար խոսեցինք. սովորաբար միայն կարճ հաղորդագրություններով էինք սահմանափակվում: Ինձ էր ոգի տալիս. «Բան չկա, մա՛մ ջան, նորմալ է ամեն ինչ»: Շատ գործողությունների էին մասնակցել, բայց մինչև այդ էլ միշտ «ծածկագրերով» էինք խոսում: Դավիթը կրտսեր սերժանտ, դիրքի ավագ էր, Վահեն՝ դիպուկահար: Դավիթս դիրքի պատասխանատուն էր, իսկ Վահես հրամկազմի հետ հետախուզական գործողությունների էր գնում: Երբ ամսի 10-ին զանգ չեղավ նրանցից, մտածեցի՝ կապ չի եղել, կամ հարմար չի եղել զանգելը: Իրենց առջև պայման էի դրել՝ հարմար մի պահի պարզապես զանգեն, ասեն՝ «Մա՛մ», ձայները լսեմ: Երբ ամսի 11-ին էլ չզանգեցին, արդեն անհանգստացա: Փորձեցի ինքս զանգել, բայց բոլոր համարները անհասանելի էին: Միայն մի կամավորական էր արձագանքում, հույս տալիս: Երբ ամսի 16-ին գրեցի՝ խնդրելով օգնել գտնելու տղաներիս, այլևս չպատասխանեց: Այդ համարն էլ էր անհասանելի: …Վերջերս նա ինձ այցելության եկավ, ասաց, որ ամեն ինչ գիտեր, բայց չէր կարողանում ասել…»:

Մարիետայի ձեռքին երկու որդիների պարգևներն են: Բայց չի բացել փաթեթները՝ տեսնելու, թե ինչ շքանշաններ են. «Չեմ էլ նայել»,- ասում է շփոթված: «Եկեք միասին նայենք»,- առաջարկում եմ: Երկու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի… «Հզոր են եղել տղաներդ»,- հուզվում եմ: «Այո՛, հզո՛ր են եղել»,- արձագանքում է՝ շեշտելով հզոր բառը:

Մարիետա Բալայանը

Սարգիս Նավասարդյանը դասակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, լեյտենանտ Արտակ Ղազարյանի քեռին է: Արտակը գյուղինստիտուտը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: «Երբ պատերազմն սկսվեց,- ասում է Սարգիսը,- Արտակը դեռ Երևանում էր: Այդ ընթացքում դասընթացների էր մասնակցում: Մենք Նոյեմբերյանի սահմանապահ Բերդավան գյուղից ենք, Արտակը սահմանի տղա էր: Երբ պատերազմն սկսվեց, անմիջապես Նոյեմբերյան գնացի, որ, եթե կարիքս լինի, օգնեմ, իսկ ինքը զանգեց ինձ, ասաց. «Գնում եմ Արցախ»: Կարող էր Նոյեմբերյան էլ գալ, բայց ասաց. «Չէ՛, հենց էնտեղ պիտի գնամ»:  Անչափ կարգապահ էր: Երբեք ոչինչ չէր հետաձգի. ամեն ինչ ժամանակին պետք է կատարեր, ամենայն պատասխանատվությամբ: Շատ խիստ էր ինքն իր նկատմամբ»:

Վերջին անգամ Արտակի հետ խոսել են հոկտեմբերի 10-ին՝ մոր ծննդյան օրն է շնորհավորել: «Շատ բարձր էր տրամադրությունը, մորը շնորհավորեց, հետո ինձ հետ խոսեց: «Կոդավորված» հարց տվեցի. «Հարևանի ցանկապատը մոտավորապես ինչքա՞ն հեռավորության վրա է»: Հետո կատակի տվեցի. «Դե, զգո՛ւյշ եղիր, դրանք շատ կռվարար են»: Ծիծաղելով ասաց. «Խնդիր չի՛, կպահենք»:

Մինչև այդ էլ մեզ ոչինչ չէր պատմում: Դեպքից հետո արդեն ուրիշները պատմեցին, որ թշնամու թիկունքում էլ են հաջող դիվերսիոն գործողություններ իրականացրել:

…Հոկտեմբերի 11-ին արդեն նրանց ճակատագիրը որոշված էր:

Արտակը այնքան կայտառ, կյանքով լեցուն տղա էր, որ մինչև այժմ ոչ ոք՝ ընկերները, համագյուղացիները, բոլոր ծանոթները, դեռ չեն հավատում, որ նա էլ չի գալու… Ապրում ենք այն զգացողությամբ, որ մի օր վերադառնալու է:- Սարգիսը ժպիտով է ասում այս բառերը, սակայն, անմիջապես էլ հուզմունքը խեղդում է,- այս պարգևը շատ թանկ գնահատական է ինձ, իր մյուս հարազատների համար: Ափսոս, ես եմ ստանձնել այն ստանալու իրավունքը: Խորը ցավ եմ ապրում. շատ կուզեի, որ ինքը ստանար: Շատ կուզենայի, որ այս պարգևը հետմահու չլիներ, այլ լիներ իր կրծքից կախված: Նա գովասանագրերի և մեդալների մի մեծ տրցակ ունի, գիտական աշխատություններ է գրել. դրանք հիմա մի մեծ սեղանի վրա դարսված են նրան նվիրված պատվո անկյունում…»:

Սարգիս Նավասարդյանը

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Էդգար Տոնականյանի մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, Արթիկից է: «Այսօր տղաս զորացրվելու էր, տուն էր գալու: Բայց նրա փոխարեն այսօր նրա շքանշանը ստացա: Կուզենայի, որ որդիս վերադառնար, ու ես հպարտանայի, որ որդիս պատվով ծառայել ու տուն է եկել»: Էդուարդը Արթիկի գեղարվեստի քոլեջն էր ավարտել, անվճար ընդունվել էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: «Շատ լավ նկարում էր,- պատմում է տիկին Աստղիկը,- շատ լավ երգում: Տաղանդավոր տղա էր: Բանակում սերժանտի կոչում էր ստացել: Դիպուկահար էր. շատ էր սիրում իր զենքը: Երբ պատերազմի ընթացքում խոսում էի հետը, ոգին անասելի բարձր էր, ասում էր. «Մա՛մ ջան, մեր հող ոտք դրածներին էստեղ էնպե՜ս ենք հնձում: Բան չմնաց, քիչ էլ դիմացի, հետ կգամ»: Բայց… չեկավ, չեկան մեր տղաները. սպասելով մնացինք… Երբ վերջին անգամ խոսեցինք, խառն էր վիճակը, միայն ասաց. «Լավ եմ, մա՛մ ջան, չմտածես»: Կողքից կանչեցին, արագ ասաց. «Հետո կզանգեմ» ու… էլ չզանգեց…»:

Աստղիկ Հակոբյանը՝ որդու հետ

Արմինե Հարությունյանը Շահբարյան Տիգրանի մայրն է: Տիգրանը կրտսեր սերժանտ էր, ստորաբաժանման բուժակը: «Երբ նրան գտանք,- պատմում է մայրը,- զրահաբաճկոնն ու կասկան հագին էին, ձեռքին զենք կար: Նա մինչև վերջ կռիվ էր տվել: Պատերազմի ավարտից հետո, երբ զոհված տղաներին մարտի դաշտից բերում էին, շատերը խնամքով վիրակապված էին: Մտածում էի՝ ուրեմն Տիգրանը նաև որպես բուժակ էր հասցրել օգնություն ցուցաբերել կռվող ընկերներին… Իհարկե, վաշտից ոչ ոք չի փրկվել, որ պատմեր, հստակ իմանայինք, թե ինչպես է եղել այդ ամենը: Տիգրանը շատ էր սիրում բուժակի իր մասնագիտությունը, ձեռքն էլ շատ թեթև էր: Որպես բուժակ, մինչև պատերազմն էլ նրան շատ էին գնահատում: Քանի որ ես ծնունդով Մարտունիից եմ, ամուսինս՝ Մարտակերտից, մեր սրտով էր շատ, որ Տիգրանը ծառայության անցավ հենց Արցախում: Հայրենասեր էր. անուն առ անուն, գործ առ գործ գիտեր Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին, գիտեր, որ տղաները կյանքի գնով են այդ դիրքերը պահել: Երբ այցելում էի նրան, այնքան ռազմահայրենասիրական երգեր էր երգում, որ ես էլ, անկախ ինձնից, հետո անընդհատ այդ երգերն էի երգում: Ծառայությունից շատ գոհ էր, ինքնավստահ էր, լավատես, հոգեպես ամուր… Եվ նրա այդ կերպարը ինձ շատ է։  

օգնում, որ հաղթահարեմ ցավս. ամեն օր երազներում այցելում է ինձ, խոսում հետս ու պարտադրում, որ լավատես ու հպարտ լինեմ, որ չընկճվեմ: Ասում է՝ «Գիտե՞ք, ինչքան թշնամի եմ վերացրել…»:  Չեմ կարող հիմա խոսքերով բացատրել, թե իմ ու որդուս միջև ինչպիսի կապ կա… Զգում եմ նաև, որ նրան դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկին որևէ բանում մեղադրում եմ:

Տիգրանի զոհվելուց մեկ ամիս անց Արմինեն ծառայության է անցել ՊԲ զինված ուժերում. ԲՀԱ վարչությունում վստահության գծի օպերատոր է, զբաղվում է ժամկետային զինծառայողների խնդիրներով:

«Պատահական չէ, որ հենց այս ծառայությունն եմ ընտրել. այսօր ես ամեն վայրկյանն օգտագործում եմ զինվորներին, ինձ նման մայրերին օգնելու համար և այսպես փորձում եմ շարունակել Տիգրանիս կիսատ թողած գործը: Մենք չենք կարող հետ բերել մեր որդիներին, բայց պետք է փորձենք արժանապատիվ ապրել և օգնել իրար, օգնել մեր Հայրենիքին՝ ոտքի կանգնելու ու շարժվելու առաջ»:

Թեև կուզեի անուն առ անուն հիշել այս հերոսական վաշտի բոլոր զոհված տղաներին, որոնք մարտնչել են մինչև վերջին շունչը, բայց այդ օրը կարողացա խոսել զինծառայողների հարազատներից միայն մի քանիսի հետ:

Պետք է խոնարհվենք ու փորձենք ամոքիչ խոսքեր գտնել բոլորի համար…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝

ԳԵՎՈՐԳ ՊԵՐԿՈՒՊԵՐԿՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շոյգուն և Օստինը քննարկել են անվտանգության հարցեր

Հաջորդ գրառումը

Ինչպես հաճախ է պատահում, իրանական կողմի գործողություններն անզուգաչափ էին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025
Միջազգային

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025
Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչպես հաճախ է պատահում, իրանական կողմի գործողություններն անզուգաչափ էին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական