Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն անհիմն է անվանել Ադրբեջանում Եվրոպական Միության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի արտահայտություններն Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ. Հաջիզադեն գրել է X սոցցանցի իր էջում:
«Սա անհիմն և անպատասխանատու պնդում է։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար արդարադատության բացակայության և ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում դաժան վերաբերմունքի վրա։ Միջամտությունը Ադրբեջանի դատական համակարգին, որը կառուցված է լավագույն միջազգային պրակտիկաների հիման վրա, անթույլատրելի է»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ Պետեր Միխալկոյի՝ հունվարի 16-ի հայտարարության մեջ ասվում է. «Ես ցնցվել էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքից։ Դա հատկապես վերաբերում է երիտասարդ կանանց, որոնց ձեռնաշղթաներ էին հագցրել դատարանի դահլիճում, նստեցրել ապակե վանդակներում։ Չէին բավարարում տարրական մարդկային պահանջմունքները, այնինչ յուրաքանչյուր ոք արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի իրավունք ունի»։