Ցեղասպանության ժխտումը, կամ ուրացումը, կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, քրեական օրենսգրքով նախատեսված արարք, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ գուցե արտաքին ուժե՞ր կան, որոնք ճնշումներ են գործադրում իր և իր թիմի վրա, որ նա Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մասին հայտարություն է անում։
«Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի է։ Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել ցեղսպանությունը ուրանալու մեջ, երբ նա երևույթի մասին խոսելիս ասում է ցեղասպանություն, ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու համար»,-ասաց նա։
Փաշինյանը նկատեց՝ խոսքն այն մասին է, թե արդյոք ցեղասպանությունը մեզ չպետք է դրդի, որ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։
«Իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ, կարո՞ղ է ճշգրիտ չենք ընկալում, կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է այսօր, հրատապ է եղել դարասկզբին։ Ընդ որում՝ ես պատասխան չունեմ։
Իսկ կարո՞ղ է պարզվի՝ ինչ-որ շրջանակներ կարողնում են օգտագործել մեր հայրենիքում, Հայաստանում մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար։ Կարող է տենց բան պարզվի ու պատահի։ Ես պատասխանի իմ տարբերակն ունեմ ու ժամանակ առ ժամանակ դրա մասին խոսում եմ, բայց չեմ ուզում այդ պատասխանը փաթաթել մեր որևէ քաղաքացու վզին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ հավաստիացրեց՝ ինքն անընդհատ Հայոց պատմություն է կարդում։
Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանությունը մեր ինքնության, մեր արյան մասն է։