Հունիսի 11-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող և նորընտիր կազմակերպիչ հանձնախմբերի անդամներին։
Նորին Սրբությունը կատարված հաջող աշխատանքների համար իր գնահատանքը հայտնեց միաբանական համագումարի գործող հանձնախմբին, որի կազմում ընդգրկված են Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԳՀՃ Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ Տ․ Անդրեաս վարդապետ Եզեկյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Տ․ Տիրայր վարդապետ Հակոբյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Տ․ Առեն աբեղա Ճեպեճյանը, Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։
Հայոց Հովվապետը նաև իր հայրական օրհնությունը բերեց նոր հանձնախմբի անդամներին՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանին, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանին, Տ․ Դերենիկ աբեղա Սահակյանին, Վիրահայոց թեմից Տ․ Հակոբ աբեղա Սահակյանին, Տ․ Աղան աբեղա Երնջակյանին, Իրաքի հայոց թեմից Տ․ Ղևոնդ աբեղա Սաղաթելյանին։ Նորին Սրբությունը հորդորեց միաբաններին ջանասիրությամբ ու աննվազ եռանդով ձեռնամուխ լինել հաջորդ միաբանական հավաքի կազմակերպմանը՝ նկատի առնելով հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին հուզող արդիական խնդիրները։
Միաբանական համագումարը տեղի է ունենում երկու տարին մեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ և ծայրագույն վարդապետներ) մեկտեղվում են հայոց հոգևոր կենտրոնում քննարկելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիներ փնտրելու, փոխանակվելու հոգևոր ծառայության փորձառությամբ, ինչպես նաև վերանորոգելու իրենց ուխտը։