ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղաղության օրակարգի տրամաբանության համատեքստում 2026 թվականին ռազմական բյուջեն չավելացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ նույն ժամանակ Ալիևը հակառակ հայտարարությունն է արել:
«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այդ հայտարարության կամ հաջորդ օրը օկուպացված Քարվաճառի շրջանում Ադրբեջանի նախագահը խոսում էր ճիշտ հակառակի մասին։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ միջազգային իրավունքում և միջազգային հարաբերություններում շարունակում է կարևոր գործոն մնալ ուժի կիրառումը:
Եվ, ըստ էության, նա թափանցիկ ակնարկ արեց, որ ուժի գոյությունն ու ադրբեջանական բանակի հնարավորություններն են թույլ տվել Արցախի հարցը լուծել իրենց օգտին, ավելին, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ որևէ երաշխիք չկա, որ պրոցեսն ամբողջությամբ կհանգուցալուծվի, և ռազմական գործողությունների կամ ուժի կիրառման անհրաժեշտություն չի լինի»,- մանրամասնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շեշտելով, որ 44-օրյա պատերազմից, դրանից հետո Հայաստանի դեմ կատարված ռազմական ագրեսիայից հետո ՀՀ զինված ուժերը վերականգնման մեծ փուլ ունի անցնելու և այս պարագայում ռազմական բյուջեի չավելացման մասին, դրա անհրաժեշտությունը չլինելու մասին հայտարարություն անելը տրամաբանական չէ։
Նա միաժամանակ հավելեց՝պատերազմից և 2023 թվականի ռազմական ագրեսիայից հետո հայկական բանակը վերականգնվելու անհրաժեշտություն ունի, և այս պարագայում նման հայտարարություն անելը տրամաբանական չէ։