Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հայաստանում պետք է սովորենք հեռանալ ներկայիս քաղաքական անբարո մշակույթից. Տիրատուր քահանա Սարդարյան

Քիչ առաջ իմացա, որ մահացել է հայտնի գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը (96 տարեկանում)։ Չգիտեմ՝ որքանով է նա ճանաչված Հայաստանում, բայց ուզում եմ օգտվել առիթից և փորձլ շատ պարզ բացատրել նրա գլխավոր գաղափարը։

Կենտրոնական գաղափարը հետևյալն է՝ մարդիկ երկու ձևով են գործում/շփվում.

• ռազմավարական գործողություն՝ երբ ուզում ես հասնել քո նպատակին ուժով, փողով, խաբեությամբ կամ ճնշմամբ (օրինակ՝ քաղաքականությունում, բիզնեսում)։

• հաղորդակցական գործողություն՝ երբ ուզում ես անկեղծորեն հասկանալ միմյանց, համաձայնության գալ և միասին որոշում կայացնել՝ առանց ճնշման կամ խաբեության։ Այստեղ հաղթում է ոչ թե ուժը, այլ լավագույն, ամենահիմնավոր փաստարկը։

Նա ասում էր՝ իսկապես ազատ և արդար հասարակություն կարող է կառուցվել միայն այս երկրորդ ձևով՝ բաց, հարգալից և անկեղծ երկխոսությամբ, ոչ թե ուժով, փողով կամ խաբեությամբ։ «Լավագույն փաստարկը» պետք է հաղթի, առանց ճնշման։ Սա է «հաղորդակցական մտքի» ուժը։

Հենց Հայաստանում պետք է սովորենք հեռանալ ներկայիս քաղաքական անբարո մշակույթից (որտեղ շատ է մեղադրանքը, բաժանարարությունը, պառակտումը և ուժի խոսքը) և գնալ դեպի այսպիսի բաց, հարգալից երկխոսություն։ Ի դեպ՝ սա նույնն է, ինչ մեր Հայ Առաքելական Եկեղեցին հազարամյակներ շարունակ սովորեցնում է իր ավելի խորքային, աստվածաբանական ձևով՝ սիրո, ճշմարտության և միաբանության մասին աստվածաբանությամբ։

Աստված հոգին լուսավորի։ Իսկ մերոնց մի փոքր իմաստություն շնորհի։

Տիրատուր քահանա Սարդարյան, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ