Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կառավարության նիստի ժամանակ արած հայտարարությանը, թե Տեղ գյուղի մոտակայքում հայկական կողմը դիրքային փոփոխություններ չի կրել, երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, թե հակառակորդն առնվազն հինգ դիրքի մասով առաջխաղացում է ունեցել։ Խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե ԱԱԾ-ն հասատատում է, հետևաբար, իսկապես, առաջխաղացում եղել է։
Օհանյանին պետական համակարգի տարբեր կառույցների իրարամերժ հայտարարությունները չեն զարմացնում։
Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական իրավիճակում ենք գտնվում․ «Չնայած երկու կողմերն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, այսպես ասած՝ «խաղաղության դարաշրջանի» մասին են հայտարարում, բայց այսօր ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից իրականացվող բազմաթիվ սադրանքների։ Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի շուրջը։ Պաշտոնական Բաքուն այս պահին 2 նպատակ ունի, այն է՝ ստանալ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքն» ու հայաթափել Արցախը»։
Ս․Վ․