Հայաստանի տնտեսական աճը ցույց է տալիս, որ նա ԵԱՏՄ անդամակցությունից հիմնական շահառու է հանդիսանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի առեւտրի եւ տնտեսության աճը վերջին տարիներին վկայում է այն մասին, որ Հայաստանը հիմնական շահառուն է ԵԱՏՄ անդամակցությունից»,- նշել է նա։ Օվերչուկը միաժամանակ կոռեկտ չի համարել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցը, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է Երեւանի տեղը զբաղեցնել ԵԱՏՄ-ում։
«Երեւանի առեւտուրը ԵՄ-ի հետ շատ ավելի քիչ է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է», – ասել է Օվերչուկը։
«Թարմ վիճակագրություն է ստացվել 11 ամսվա համար. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 11,6 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մլրդ դոլար։ Միեւնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առեւտուրը մի քանի անգամ ավելի քիչ է եւ նվազում է։ Ահա թե ինչի մասին են վկայում տնտեսությունն ու իրականությունը»,- նշել է նա՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծի հավանության մասին։
«Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծի նախաձեռնողները քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ է, եւ, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք ունեն ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսանալով»,- ասել է Օվերչուկը։
«Հարցը չի կարելի այսպես դնել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը միշտ էլ երկրի ինքնուրույն որոշումն է, որը, ելնելով իր շահերից, որոշում է անդամակցել, թե ոչ։ Այստեղ ակնհայտ օգուտներ կան»,- ընդգծել է փոխվարչապետը։
Դրանք բաղկացած են էներգետիկ եւ պարենային անվտանգության ապահովումից եւ տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումից։ Եվ ամենակարեւորը առանց խոչընդոտների մուտքն է հսկայական շուկա, որտեղ կա նման երկրի ապրանքների պահանջարկ։ Սա հսկայական ներուժ ունի տնտեսական զարգացման, մարդկանց եւ բիզնեսի եկամուտներն ավելացնելու համար»։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշման նախագծին, հիմա այն քննարկելու է խորհրդարանը։