Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Հայաստանում հավաքված առաջին արբանյակին՝ «Հայասաթ-1»-ին, որը գործարկվել է 2023-ի դեկտեմբերի 1-ին։
Թեեւ այն հենց ստեղծողների կողմից հայտարարվել է որպես ուսումնական, բայց հանրությունը չափից շատ լրջություն տվեց Տիեզերք հասած հայաստանյան առաջին արբանյակին։
«Հայաստանում հավաքված առաջին արբանյակը լավ է, բայց միայն տեղացի ինժեներների փորձառությունն ավելացնելու համար։ Սա փոքր չափի խորանարդային արբանյակ է՝ «cubesat»։ Այսպիսիք վերջին տարիներին ամբողջ աշխարհում հազարներով են ուղեծիր դուրս եկել։ Իսկ եթե խոսում ենք արբանյակի մասին, որն ի վիճակի է քիչ թե շատ լուրջ խնդիրներ լուծել (այդ թվում՝ պաշտպանական, անվտանգային նպատակներով), դրա համար պահանջվում է առնվազն 200 միլիոն դոլարանոց սարք ուղարկել Տիեզերք»,- մեկնաբանեց բանախոսը։
Սեւակ Վարդումյան