Համո Բեկնազարյանի «Խաս-Փուշ» ֆիլմը, որը նկարահանվել է 1928 թվականին, 35 մմ ժապավենային տարբերակով նոյեմբերի 3-ին և 13-ին կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА): Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։
«Խաս-Փուշ»-ը հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։
Առաջինը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35 մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021 թվականի հունվարին: Ֆիլմի մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։