Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Հազարավոր սատկած ձկներ են հայտնաբերվել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆրանսիայի ափերի մոտ

ԵՄ եւ Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են ձկնորսության կանոնների հնարավոր խախտումը, երբ Sea Shepherd բնապահպանական խումբը հրապարակել է լիտվական ձկնորսանավի կողմից Ատլանտյան օվկիանոս նետված հսկայական թվով սատկած ձկների տեսանյութեր ու լուսանկարներ, հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով ABC News-ին:

Sea Shepherd խմբի լուսանկարներին պատկերված է Բիսկայան ծոցի մակերեւույթը՝ ամբողջովին ծածկված սատկած ձկներով Ֆրանսիայի հարավ-արեւմտյան ափին: Բնապահպանական խմբի գնահատմամբ՝ լուսանկարներում գրանցված է շուրջ 100 հազար սատկած ձուկ:

Ֆրանսիայի ծովային նավատորմի նախարար Անիկ Ժիրարդենն ուրբաթ գրել է թվիթերում, որ հանձնարարել է Ձկնորսության հսկողության ազգային կենտրոնին հետաքննել տեղի ունեցածը:

Ձկնորսանավերի ասոցիացիան (PFA), որը ներկայացնում է Լիտվայում գրանցված «Մարգիրիս» ձկնորսանավը, հայտարարել է, որ ձուկն «ակամայից բաց է թողնվել ծովում» հինգշաբթի ձկնորսանավի ցանցի պատռվածքի պատճառով:

News.am