Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի գրեթե կեսը մահացել է համերգասրահում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին վկայում են քրեական գործի նյութերը, որոնք առկա են ТАСС-ի տրամադրության տակ։
Ըստ փաստաթղթերի, հրդեհի վտանգավոր գործոններից զոհվել է մոտ 70 մարդ՝ 149-ից, նրանք հրազենային կամ այլ վնասվածքներ չեն ունեցել։
Մահվան պատճառը եղել է ջերմային ինհալացիոն վնասվածքը (վերին շնչուղիների այրվածք)՝ զուգորդված ածխածնի մոնօքսիդով (շմոլ գազով) թունավորմամբ։ Մնացածը զոհվել են հրազենային վնասվածքներից, կամ նրանց մահվան պատճառը պարզել չի հաջողվել։
Նյութերում նշվում է, որ վտանգի տակ է եղել համերգասրահի գրեթե 2 հազար այցելու։
«Ահաբեկչության հետևանքով մահվան վտանգի տակ է հայտնվել «Կրոկուս Սիթի Հոլի» շենքի առնվազն 1971 այցելու, որոնք մարմնական վնասվածքներ չեն ստացել», – ասված է գործի նյութերում։
Այդ մարդկանցից գրեթե 1,7 հազարը հետագայում բժշկական օգնության չի դիմել։