Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի վերաբերյալ քնարկումներ շարունակելու համար. Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Բաքուն ակտիվորեն շրջանառում է ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը՝ պնդելով, որ հակառակ դեպքում խաղաղության համաձայնագիր չի կնքվի։
Կոստանյանը ասաց, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են, Բաքվի մտահոգություններին արդեն իսկ պատասխան հնչեցվել է, դելիմիտացիայի գործընթացի կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։
Իշխանությունները հիվանդագին են ընդունում անկլավների մասին ընդդիմության հնչեցրած հարցերը։ Երեկ էլ Փաշինյանը ԱԺ-ում վրդովվեց այդ հարցից։
«Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգերը՝ անկայուն դարձնելու Հայաստանի Հանրապետությունը»,- նկատեց փոխարտգործնախարարը։
Մարդիկ աչքի առաջ ունեն դառը փասատեր՝ Կիրանցը, Հայաստանի ինքնիշխան տարածքից միակողմանի զիջումները։ Ու անկասկած թշնամին կանգ չի առնելու։
Այդ հարցերին Կոստանյանը պատասխանեց՝ ՀՀ-ի ինքնիշխան տարածքից որևէ քմ չի հանձնվել որևէ մեկին, իսկ սահմանազատման գործընթացն իր ուղիով ընթանալու է։
Ինչո՞ւ է միայն Հայաստանն ուզում, որ խաղաղության համաձայնագիրը կնքվի. հնչեցված հարցի վերաբերյալ Կոստանյանը հարցրեց՝ փիլիսոփայակա՞ն է հարցը։
Հետո այս պատասխանը տվեց. «ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև ժողովրդավարության համար Հարավային Կովկասում կայունությունը և խաղաղությունը շատ կարևոր են»։
Իսկ թե ինչու այդ խաղաղությունն ու կայունությունը Բաքվին պետք չեն ու նա շահագրգռված չէ դրանում, Հայաստանի բարձրագույն պաշտոնյան պատասխան չունի։