Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

«Իսկանդերի» հարվածի բեկորները Կիևում վնասել են նաև Ադրբեջանի դեսպանատունը. Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովին Բաքուն բողոքի նոտա է հղել

Նոյեմբերի 14-ին՝ մոտավորապես ժամը 1:00-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, Ադրբեջանի դեսպանատան տարածքում ընկել է «Իսկանդեր» տեսակի մեկ հրթիռ։ Դրանից հետո Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա է հղվել։

«Բարեբախտաբար, այս հարվածը մարդկային զոհերի չի հանգեցրել», – հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է  Իլհամ Ալիևին. հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումը   և հայտնել իր լուրջ մտահոգությունը։

Ալիևն իր հերթին ևս դատապարտել է հրթիռակոծության դեպքը՝ ընդգծելով, որ դիվանագիտական ​​առաքելությունների վրա նման հարձակումները անընդունելի են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների տեսանկյունից։

Նշենք, որ պայթյունի հետևանքով Ադրբեջանի դեսպանատունը շրջապատող ցանկապատի մի մասն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են կառույցներ, ծառայողական մեքենաներ, դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական հատվածը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքին։