Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Կորեայի ժողովրդական բանակի (KPA) գլխավոր բազա և հետևել զորավարժություններին, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA):
Հյուսիսային Կորեայի առաջնորդին ուղեկցել են Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարը և կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի փոխնախագահ Պակ Չուն Չոնը։ Բազայում ԿԺԴՀ ղեկավարին դիմավորել են բանակի հրամանատարական կազմը, այդ թվում՝ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը։
«Հարգելի ընկեր Կիմ Չեն Ընը մանրամասն ուսումնասիրել է օպերատիվ զորավարժությունների հիմնական բազայի օբյեկտները և տարբեր ուսումնական վայրերը», – նշել է KCNA-ն: Հյուսիսային Կորեայի առաջնորդը «մեծ գոհունակություն» է հայտնել իր տեսածից, քանի որ զինվորականները «լիովին պատրաստ են պատերազմի», նշել է գործակալությունը։
Բացի այդ, Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ բանակի բոլոր մակարդակները պետք է բացեն «արագ զարգացման նոր շրջան՝ պատերազմի նախապատրաստությունն արագացնելու՝ ներկայիս իրավիճակի պահանջներին համապատասխան»։