Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբդոլլահյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը. հաղորդում է «Էրմենիհաբերը»։
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իրենք քննարկել են առևտրային հարաբերություններից, էներգետիկայից և տարածաշրջանային զարգացումներից մինչև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։
Կովկասյան գործընթացների համատեքստում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Կովկասում 3+3 և Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման իրականացումը Կովկասի կայունության և բոլորիս համար կարևոր է։ Վերահաստատեցինք, որ Կովկասում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերը բոլորի համար շահավետ են»։
Իրանի արտգործնախարարն էլ ներկայացրել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Կովկասին վերաբերող հարցում։
«Վստահ ենք՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է և տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն: Տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցական ուղիների բաց լինելը այս ուղղությամբ կարևոր հարցերից է, և այն տարածաշրջանում առևտրային զարթոնքի ու կայուն անվտանգության ամրապնդման միջոց ենք համարում»: