Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ Իրանում ընթացող բողոքի ակցիաների և Վենեսուելայի շուրջ զարգացումների ֆոնին, մի շարք վերլուծաբանների մոտ ձևավորել են այն տպավորությունը, թե ԱՄՆ նախագահը նախապատրաստում է հերթական ռազմական սցենարը՝ այս անգամ Իրանի ուղղությամբ։
Այդ ընկալումը, սակայն, ավելի շատ պայմանավորված է Թրամփի կոշտ և սադրիչ հռետորաբանությամբ, քան իրական ռազմաքաղաքական հաշվարկով։
Խոսելով Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին՝ Թրամփը հայտարարել է, որ եթե իրանական իշխանությունները «կրակեն և դաժանորեն սպանեն խաղաղ ցուցարարներին, ինչպես դա իրենց սովորական պրակտիկան է», ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները «կհասնի նրանց օգնության»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը «լիակատար մարտական պատրաստվածության մեջ է» և «պատրաստ է գործել»։ Իսկ Վենեսուելայի շուրջ իրականացված գործողություններից անմիջապես հետո նա մեկ այլ ուղերձ է հղել՝ նշելով, որ «այն, ինչ տեղի ունեցավ Մադուրոյի հետ, կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ»՝ սա ներկայացնելով որպես դաս և նախազգուշացում բոլորի համար։
Այս երկու հայտարարությունների հաջորդականությունը շատերի կողմից մեկնաբանվել է որպես ուղիղ ակնարկ այն մասին, թե Վենեսուելայից հետո Թրամփի հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրանը։ Սակայն նման եզրահանգումը կառուցված է արտաքին հռետորական նմանությունների վրա և անտեսում է ռազմաքաղաքական իրականության խորքային տարբերությունները։
Վենեսուելայի դեպքում Թրամփի խոսույթն ու գործելաոճը ամբողջությամբ տեղավորվում են Մոնրոյի դոկտրինի տրամաբանության մեջ, որը նա փորձել է վերակենդանացնել և հարմարեցնել սեփական քաղաքական օրակարգին։
Լատինական Ամերիկան Թրամփի ընկալմամբ ԱՄՆ-ի անմիջական ազդեցության գոտին է, որտեղ Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում կոշտ միջամտության։ Վենեսուելան այդ շրջանակում ընկալվում է որպես թույլ և մեկուսացված պետություն՝ տնտեսական կոլապսի, սահմանափակ ռազմական կարողությունների և արտաքին անվտանգության իրական երաշխիքների բացակայության պայմաններում։
Իրանը, սակայն, բոլորովին այլ քաղաքական և աշխարհաքաղաքական քաշային կարգում է։ Այն ունի կայացած պետական համակարգ, բազմաշերտ ռազմական և անվտանգային կարողություններ, ինչպես նաև տարածաշրջանային ազդեցության լայն և կայուն մեխանիզմներ։ Ամենակարևորը՝ Իրանը այնպիսի պետություն է, որի շուրջ խաչվում են այլ գլոբալ ուժային կենտրոնների շահերը։ Չինաստանի և Ռուսաստանի համար Իրանը երկրորդական դերակատար չէ, այլ գլոբալ ուժային հավասարակշռության կարևոր հանգույց, և նրա դեմ ԱՄՆ-ի լայնամասշտաբ ռազմական գործողությունը անխուսափելիորեն կվերածվի ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ճգնաժամի՝ անկանխատեսելի հետևանքներով։
Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմի ընթացքում արձանագրված զարգացումները, ցույց են տվել, որ օդային հարվածները Իրանի պարագայում չեն ապահովում ռազմավարական ճեղքում։ Ընդհակառակը՝ արտաքին ռազմական ճնշումը հակառակ արդյունք է տալիս՝ կոնսոլիդացնելով իրանական հասարակությանը և ամրապնդելով ներքին համախմբումը։ Իսկ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունը Իրանի դեմ դժվար է գնահատել այլ կերպ, քան ռազմաքաղաքական արկածախնդրություն՝ մեծ մարդկային, քաղաքական և տարածաշրջանային կորուստներով։
Թրամփի արտաքին քաղաքական վարքագիծը հիմնված է ուժի ցուցադրման, կոշտ հայտարարությունների և մշտական ճնշման վրա, սակայն առանց այն սահմանը հատելու, որտեղ ռիսկերը դառնում են անկառավարելի։ Նրա հռետորաբանությունը հաճախ ծառայում է որպես զսպման և բանակցային դիրքերի ուժեղացման գործիք, այլ ոչ թե որպես իրական պատերազմի անխուսափելի ազդակ։
Այս տրամաբանության մեջ Իրանը կարող է շարունակել մնալ պատժամիջոցների և քաղաքական ճնշման թիրախ, բայց ոչ այն ուղղությունը, որտեղ Թրամփը կգնա լայնամասշտաբ ռազմական արշավի։
Հետևաբար, Վենեսուելայի և Իրանի միջև անցկացվող զուգահեռները կարող են արդյունավետ լինել քարոզչական դաշտում, սակայն չեն կարող հիմք հանդիսանալ իրատեսական ռազմաքաղաքական գնահատման համար։ Թրամփի հիշատակված հայտարարությունները ավելի ճիշտ է դիտարկել որպես հռետորական ազդակներ և ուժի ցուցադրում, այլ ոչ թե Իրանի դեմ պատերազմի ուղիղ նախապատրաստում։




