Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Վագիֆ Խաչատրյանին Բաքուն դատում է՝ իբրև «Խոջալուի ջարդերի մասնակից»

«1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված խմբավորումների կողմից իրականացված ցեղասպանության մասնակիցներից  Վագիֆ  խաչատրյանի քրեական գործով նիստը կվարի դատավոր Ջամալ Ռամազանովը»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ  դատական ​​նիստը նշանակված է հոկտեմբերի 13-ին։

Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ ասվում է. «Գործով տուժող է ճանաչվել 58 քաղաքացի եւ Խոջալուի շրջանի գործադիր իշխանությունը։

Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը հայկական զորամիավորումների կազմում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների ջարդ է իրականացրել։

Զոհվել է 25, վիրավորվել՝ 14 ադրբեջանցի, իսկ գյուղի 358 բնակիչ փախստական ​​է դարձել։ Որոշվել է Վագիֆ Չերքեզովիչ Խաչատուրյանին պատասխանատվության ենթարկել ԱՀ քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում) հոդվածներով՝ որպես մեղադրյալ»։

Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի հուլիսի 29-ին է առևանգվել Հակարիի ադրբեջանական ապօրինի անցակետում և գերեվարվել։ Նա Կարմիր խաչի միջոցով Հայաստան էր գալիս բուժման նպատակով։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Վագիֆ Խաչատրյանին բանտարկելու համար ադրբեջանական կողմը կեղծ մեղադրանքներ է հորինել՝ նրան վերագրելով «Խոջալուի ջարդերի մասնակցի դերը»։ Իսկ «Խոջալուի ջարդերի» վերաբերյալ բազմիցս է ապացուցվել, որ այն հենց Ադրբեջանի իշխանությունների ձեռքի գործն է։ Հենց նրանք են իշխանություն փոխելու նպատակով իրենց քաղաքացիներին որպես վահան օգտագործել՝ միտումնավոր չտարհանելով Խոջալուից և քաջ իմանալով, որ այնտեղ ռազմական գործողություններ են իրականացվելու։  Եվ պատահական չէ, որ Ադրբեջանում «Խաջալուի ջարդեր» կեղծ թեզի մասին ճշմարտությունն իմացողները կամ կալանավորվել են կամ՝ սպանվել։