Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ստամբուլի նահանգապետարանը ոչ մի հիմնավորում չունի՝ արգելելու Մեծ Եղեռնի հիշատակման միջոցառումները

Այսօր համայն հայությունը,  Հայաստանում, թե Սփյուրքում, հիշատակում  է Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցը: Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվում աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Ենթադրվում էր, որ ոգեկոչման միջոցառումներ կկազմակերպվեն նաև Ստամբուլում: Մանավանդ որ Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղն ու «Ապրիլի 24-ի հիշատակման հարթակը»  ծրագրել էին կազմակերպել դրանք. վերջինը՝ քաղաքի ասիական հատվածի Քադըքոյ թաղում, իսկ միությունը՝ «Թաքսիմ»-ում գտնվող մասնաճյուղի գրասենյակի առջև: Ընդ ուրում՝  «Ապրիլի 24-իհիշատակման  հարթակի» միջոցառմանը դեռ օրեր առաջ արձագանքել էր «Ակօս» շաբաթաթերթը:

Ապրիլի 20-ին, սակայն, Ստամբուլի նահանգապետարանը որոշումով արգելում է  Քադըքոյում նախատեսվող միջոցառումը:

Նույն օրն արձագանքելով արգելման որոշմանը՝ «Ապրիլի 24-ի հիշատակման հարթակը»   դատապարտում է նահանգապետարանին, թե արգելելու որոշումը ոչ մի հիմնավորում չունի, քանի որ ռասիստական երթերն ու ցույցերը երկրում ազատորեն անցկացվում են, կնշանակի նահանգապերանը դեմ է ժողովրդավարացմանը:

 «Bianet»- ի ապրիլի 24-ի համարում նահանգապետարանի որոշմանը հակազդեցությամբ արձագանքել է նաև Մարդու իրավունքների միության «Ռասիզմի և խտրականության դեմ»  հանձնաժողովը՝ ի դեմս միության գլխավոր նախագահ Էրեն Քեսքինի:

Նա թուրքական կայքին մասնավորապես ասել է. «Ցեղասպանության 108-րդ տարելիցին մեկ անգամ ևս բարձրաձայնելու համար մեր «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր» պահանջը» և մեկ անգամ ևս «Ոչ ցեղասպանությանն» ասելու համար երկուշաբթի՝ ապրիլի 24-ին,  Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակի առջև հրապարակելու ենք  հայտարարություն, հրավիրում ենք մամուլի ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են ցեղասպանությանը:

Մենք՝ մարդու իրավունքների պաշտպաններս, ամեն տարի դա անում էին «Սուլթանահմեթ»-ի այդ շենքի առջև, սակայն 2017-ից ի վեր արգելում են ոգեկոչման յուրաքանչյուր միջոցառում: Ինչ վերաբերում է «Թաքսիմ»-ում մեր գրասենյակի  առջև նախատեսվող կոչի հրապարակմանը, ապա Ստամբուլի նահանգապետարանը դեռ չի պատասխանել  մեր դիմումին:

Մենք առաջին ոգեգոչումը նախաձեռնել ենք 2005-ին: Ընդ որում մեր «Ճանաչիր ցեղասպանությունը, ներողություն խնդրիր և փոխհատուցիր» կարգախոսը երբեք չենք փոխել: Ոգեկոչման միջոցառումներն 2005-ից մինչև  2017-ը իրականացրել ենք անխափան: Հիմա արդեն արգելում են: Հենց  2017-ին պահանջեցին, որ մեր հայտարարությունները ձևակերպենք առանց «ցեղասպանություն» բառի օգտագործման, բայց մերժեցինք: Քանի որ հայ մտավորականներին հավաքում էին «Սուլթանահմեթ»-ի այն շենքում, որտեղից տանում էին «Հայդարփաշա» կայարանը, որ աքսորեն Այաշ և Չանքըրը, ուստի մենք մեր միջոցառումները կազմակերպում  էինք հենց այդ շենքի առջև:

2018-ին եղան ձերբակալություններ, ապա՝ հետաքննություններ, իսկ հետո սկսեցին  մշտապես խոչընդոտել: 2020, 2021 և 2022 թթ. կորոնավիրուսի պատճառով մեր հայտարարությունը, թեկուզ նույն կարգախոսով, բայց ստիպված տարածել ենք մեր միության Ստամբուլի գրասենյակի առջև: Այս տարի ևս նույն տեղում ենք հրապարակելու»:

Ի դեպ` «Սուլթանահմեթ»-ն այն հրապարակն է, որին հարում են Այա Սոֆիա տաճարն ու «Կապույտ» մզկիթը, հրապարակի արևելյան հադվածում գտնվել է օսմանյան արդարադատության նախարարությունը, հավանաբար, մեկուսարան է ունեցել,  ձերբակալված հայ մտավորականներին հավաքել են այնտեղ, որտեղից տարել Սիրքեջի նավամատույց, ապա լաստանավով փոխադրել «Հայդարփաշա»:

«Այն շենքը» ասելով՝ Քեսքինը նկատի ունի հենց նախարարության մեկուսարանը:

Հակոբ Չաքրյան