Սուտ են ասում, 10 մլն-ից 5-ն է մնում, դրանով էլ տուն չես առնի. քաշաթաղցիների բողոքի ակցիան Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց

Իշխանությունն Արցախի Քաշաթաղի համայնքները թշնամուն հանձնեց, այստեղից տեղահանվածներն էլ, կորցնելով հայրենիք, տուն ու տեղ, մոտ երկու տարի է, ինչ ապաստան են գտել Հայաստանի տարբեր բնակավայրերում: Կառավարությունը քաշաթաղցիների համար բնակարանային ապահովության ծրագիր է իրականացնում՝ յուրաքանչյուր ընտանիքի հատկացնելով բնակարանի գնման վկայագիր ՝ մինչեւ 10 մլն դրամ արժեքով: Այս ծրագիրն, ըստ Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցիների, մասնակցում են հատուկենտ մարդիկ: Սակայն նրանք էլ դժվարանում են բնակարան ձեռք բերել ՝ առաջադրված պայմանների պատճառով. այդ գումարից պետք է կանխավճար տան, պետական տուրքեր, բացի այդ, բանկն էլ պետք է գնահատի գույքը: Ամենապարզ հարշվարկով՝ 10 մլն-ից մնում է 5 մլն-ը, որով չեն կարող բնակարան գնել: Քաշաթաղցիները հարցի լուծման սեփական տարբերակն են առաջարկում՝ իրենք կհրաժարվեն աջակցությունից, եթե պետությունն իրենց տուն տա:
