Հայաստանում առկա է մարդասիրության ճգնաժամ. Քննիչները, դատախազը շատ լավ իմանալով, որ Սամվել Կարապետյանը հիվանդանոցում է և բուժում է ստանում, որոշեցին ընդհատել բուժումն ու տանել քրեակատարողական հիմնարկ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանը քովիդ և երկկողմանի թոքաբորբ է տարել կալանավայրում։ Իսկ մինչ կալանավորվելը՝ նա առողջական որևէ խնդիր չի ունեցել։
Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, ունեցավ համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս և պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որը ախտորոշվել է այսօր. հունվարի 13-ին լրագրողներին հայտնել էր Արամ Վարդևանյանը։
«Հանուն արդարության պետք է նշեմ, որ տեսնելով ոստիկաններին՝ Սամվել Կարապետյանն անջատեց սիստեմայի սարքն ու ասաց՝ գնացինք։ Սա խոսում է Սամվել Կարապետյանի տեսակի մասին։ Այս քրեական հետապնդումն ի վերջո դադարեցվելու է։ Իսկ Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի, տեսնենք՝ քննիչներն ու դատախազն ինչ որոշում կկայացնեն»,– ասել է փաստաբանը։
Նշենք, որ դատարանի որոշմամբ գործարարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավ։ Վարդեւանյանը հայտնել է, որ 53 քննիչներից բաղկացած խումբն արդեն 22 հոգուց է կազմված։








