Aravօt.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը գրել է.
Այս պատմությունը մեր մասին չէ, «Առավոտի» մասին չէ: Բազմաթիվ խմբագրություններ են գործում Մամուլի շենքից դուրս: Ու թեեւ «Առավոտը» 31 տարի՝ 1994 թվականից, հենց այս շենքում է գործել, ոչինչ, մենք էլ այլ տարածք կգտնենք, կտեղափոխվենք, մեծ ցավ չի: ՈՒ սուսուփուս դա էլ անում էինք, մինչ մեր գործընկերներին հայտնի չդարձավ, որ «Առավոտին» հանում են, ու երեկվանից հեղեղում են հարցերով:
Այս պատմությունն այլ բանի մասին է: Խորհրդային իշխանությունը Մամուլի շենքը հենց խմբագրությունների համար էր կառուցել: Հաջորդող բոլոր իշխանությունները, որքան էլ բարդ հարաբերություններ ունենային ԶԼՄ-ների հետ, միեւնույն է՝ Մամուլի շենքի տարածքները թողնում էին խմբագրություններին:
Իսկ այժմ նախկին լրագրողի կողմից ղեկավարվող կառավարությունը գործող ԶԼՄ-ին հանում է Մամուլի շենքից:
Ասեմ, որ խորհրդային տարիներից այս շենքում շատ բան չի էլ փոխվել՝ ասենք, հազիվ փոխեցին մի վերելակը: Մյուսը փոխվել էր նախորդ իշխանության օրոք: Մի խոսքով՝ իրենց ներդրումը, շատ մեղմ ասած, չկա:
Առաջին իսկ պահից չեմ կասկածել, որ եթե վատություն անելու հնարավորություն ունենան՝ անպայման կանեն: Այս ինչքան կանխատեսելի եք: