Այսօր, ժամը 22:00-ին դատարանը հրատապ կարգով քննել է բլոգեր, քաղբանտարկյալ Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը:
Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը այն դատավորն է, ում որոշմամբ կալանավորվել էր հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Ավելի վաղ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ մուտքագրվել է դատարան: Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։
Որպես գրավի չափ է նշվել 5 մլն ՀՀ դրամը:
Կալանավայրում այսօր կտրուկ վատացել է «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանի առողջական վիճակը՝ ներքին արունահոսությամբ, նախաինսուլտային վիճակում նա տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:
Նշենք, որ հուլիսի 18-ին Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 20 օրով:
Ավելի վաղ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ կալանքը չի կարող երկարաձգվել, քանի որ նոր քրեական օրենսգրքում չկա այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիօտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ տեղեկություն է տարածել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարել է միջնորդությունը. Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ «Դատավորը գտնվեց իր բարձունքում»,- նշել է փաստաբանը։