Լուիս Մորենո Օկամպոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես ապրիլից մասնակցում եմ «Դադարեցրեք ցեղասպանությունը» սոցիալական արշավին, նպատակը՝ ազատել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին։ Աշխարհի հայերը նույնպես պայքարում են արդյունքի հասնելու համար։
Հայաստան ենք եկել, որպեսզի տեղեկանանք՝ ինչ է կատարվում այստեղ։ Վաղը հանդիպելու եմ կաթողիկոսի հետ, այսօր՝ արցախցի առաջնորդների հետ, եղել եմ նաև հայ-ադրբեջանական սահմանին, տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Հայերը մենակ չեն։ Սփյուռքը պետք է միանա այս գործընթացին, պահանջի, որ ցեղասպանությունը դադարեցվի, որ Ադրբեջանն ազատ արձակի պատանդներին»։
Օկամպոն մեկնաբանեց,թե երբ է միջազգային իրավունքը դառնում զրո, իսկ երբ է այն կարևորվում ու հարգվում։
«Միջազգային իրավունքը, այո, զրո է. բայց կախված է այն բանից, թե մենք ինչպես ենք այդ միջազգային իրավունքից օգտվում։
Հայաստանը 1990-ականների պատերազմում հաղթել էր, բայց չկարողացավ իրավական լուծումներ գտնել այդ հաղթանակը պահպանելու համար։ Եվ հիմա վճարում է այդ սխալների համար։ Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը։ Ես խոսել եմ Արցախի ներկայացուցիչների հետ, թե ինչպես ենք ծրագրում արցախցիների վերադարձը և ինչպես է Ադրբեջանը ճանաչելու արցախցիների իրավունքները։ Բայց արցախցիների կողմից մշակված պլան է պետք, իրավունքը կա և այն գործադրելու բարենպաստ պայմաններ կան։ Ես միշտ հիշում եմ՝ նյուրնբերգյան դատախազներից մեկը 103 տարեկան էր, նա ամեն ինչ տեսել էր։ Նրա խորհուրդն էր՝ երբեք մի՛ հանձնվեք, երբեք մի՛ հանձնվեք, երբեք մի՛ հանձնվեք։ Հայերը լավ գիտեն, թե ինչ է դիմակայությունն ու տոկոնությունը։ Ինձ պատմել են, թե Հայաստանում ու Արցախում ինչ դաժանություններ են տեղի ունեցել։ Այս պահին միջազգային իրավունքը ձեր կողմից է»,- վստահեցրեց Օկամպոն։
Նա համակարծիք է, որ Ադրբեջանում անկախ դատարան չկա։ Հայ ժողովուրդը, ժողովուրդը, ոչ թե կառավարությունը, պետք է ամբողջ աշխարհի հայերին դիմի և խնդրի, պահանջի՝ Ադրբեջանից պահանջել ազատ արձակել գերիներին։
Օկամպոն ելք ցույց տվեց. «ԱՄՆ-ում ձեր ընկերները, հայրենակիցները Կոնգրեսում ներկայացուցիչներ ունեն, պետք է բոլոր երկրներում իրենց ներկայացուցչությունն ընդլայնեն, դիմեն կառավարությություններին։ Հայկական Սփյուռքը դրա հնարավորությունն ունի, դուք ունեք լայն ներկայացվածություն՝ Սփյուռք Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում ու այլուր։ Սա իրավական գործընթաց չէ, զուտ քաղաքական գործընթաց է, որ պետք է իրացվի COP 29-ից առաջ»։
Կա միտում, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, բայց կան նաև մարդիկ, նրանք էլ պիտի ամեն ինչ անեն, որ ձայների հնչեղությունը բազմապատկվի։