Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում նոյեմբերի 21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք. ասված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում։
Հրդեհը բռնկվել է 3 օջախով, որից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։
Երրորդ տեղամասում ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարարական ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր։
Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանական, Պարեկային ծառայության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։





