Հայաստանի սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի երկու քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովիի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են. հայտնում է Հայաստանի Գլխավոր դատախազությունը։
Ադրբեջանի քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ ապրիլի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստանի պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Նույն օրը նրան մեղադրան է ներկայացվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ հանրային քրեական վարույթ է հարուցվել ապրիլի 14-ին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստանի պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովի հայտնաբերումից մի քանի ժամ առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ որ Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահակակետում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ։
Ախունդովի գրպանում հայտնաբերվել է հեռախոս, որը պատկանել է կոմբինատի պահակակետում սպանված Հայրապետ Մելիքսեթյանին։
Իրավապահները, սակայն, դեռ չեն հայտնել՝ Ախունդովը պահակի սպանության հետ կապ ունի՞, թե ոչ։
Հիշեցնենք, որ Ախունդովը, 3 օր շրջելով ՀՀ տարածքում, անգամ ուղիղ տեսակապով դիմել է իր հետևորդներին ու կոչ արել հայերի նկատմամբ մշտապես հաշվեհարդար տեսնել։