1972 թվականին Ֆրունզե Դովլաթյանը Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանեց «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը, որն իր տեսակի մեջ նորույթ էր հայկական կինոյում:
Մի կողմ թողնելով ֆիլմի «ճակատագրի» շուրջ ծավալված իրադարձությունները՝ հենց սկզբից ասեմ, որ այդ կինոնկարը հայ կինոյի իմ սրիած ֆիլմերից մեկն է…Եվ որպեսզի ինֆորմացիայի առումով թերարժեքության տպավորություն չթողնի, երկու սերիայի համար նկարահանված նյութը կրճատվեց՝ դարձնելով նախատեսվածը՝ մեկ սերիա…
Դա երկար-բարակ պատմություն է…
Ֆիլմի առաջին ցուցադրության առիթով Ֆրունզե Դովլաթյանը, Խորեն Աբրահամյանը, Պերճ Զեյթունցյանը և ես մի քանի օր Արարատյան դաշտի շրջանների կինոթատրոններում հանդիպումներ էինք ունենում հանդիսատեսի հետ: Այն էլ ասեմ. նույնիսկ եթե ֆիլմը բարդ էր, ցուցադրմանը, երբ ներկա էր տվյալ կինոնկարի ռեժիսորը, դերասանը, սցենարի հեղինակը, հաշվեք դահլիճները լեփ-լեցուն էին…Առավել ևս՝ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի պարագայում:
Նման մի հադիպումից հետո Դովլաթյանին ասացի.
– Ֆրունզե Վաղինակի, դե գիտեք իմ վերաբերմունքը ֆիլմի նկատմամբ, սակայն կածիք կա, որ Ֆելինիի ազդեցությունը ֆիլմում շատ մեծ է…
Մի պահ մտածեց ու մի տեսակ թախծոտ ձայնով ասաց.
– Ես մեղավո՞ր եմ, որ իմ մտածածը մինչև թողնում են էկրան բարձրանա, էնտեղ Ֆելինին արդեն նկարած է լինում…
Չնայած լիովին համաձայն էի նրա հետ, սակայն հետին թվով պիտի ասեմ, որ այդ ժամանակները հայկական ազգային կինոյի զարգացման ամենաբուռն շրջանն էր…
Հայկական կինոյի իմ սիրած ֆիլմերից է նաև Ֆրունզե Դովլաթյանի մյուս՝ «Երկունք» երկսերիանոց կինոնկարը, որում Ալեքսանդր Մյասնիկյանի դերում հանդես եկող Խորեն Աբրահամյանի կերտած կերպարով բացահայտվում է 1920-ական թվականների նորաստեղծ Հայաստանի ողբերգությունն ու վեածննունդը:
Այս երկու ֆիլմերում Խորեն Աբրահամյանի կերպարները արտիստական արվեստի դերակերտման բոլորովին նոր մեկնության են՝ համամարդկային կինոյի առումով…
Հ.Գ.
Նրա մահվան լուրը արտերկրում լսեցի, ու մեկ էլ ռադիոընդունիչով հաղորդում են «ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ» մարգարեության արտասանությունը: Աչքերիցս արցունքները գլգլալով էին թափվում: Այսօր՝ նրա հիշատակի օրը, որդուս՝ Սամվելի հորդորով պարտավորվում եմ, վերծանել տասնամյակներ առաջ «ՖԻԼՄ» թերթի խմբագրությունում Խորեն Աբրահամյանի հետ կատարած ձայնագրությունը:
«Ֆիլմ» թերթի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյան
Խորեն Աբրահամյանը՝ Արմենի դերում «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմում և Ալեքսանդր Մյասնիկյանի դերում՝ «Երկունքում»:
Լուսանկարները «Անկրկնելի կինոճանապարհ» (հեղ.՝ Ռոբերտ Մաթոսյան) գրքից: