Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը։
«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը և 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հաստատել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
Ներածություն
Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշումն ու հետագա աջակցությունը կարող է տեղի ունենալ այն պարագայում, երբ հստակ և միանշանակ է Իրական Հայաստանը՝ որպես քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգևոր և հոգեբանական տարածություն։
Իրական Հայաստանի քաղաքական և իրավական տարածությունը հայտարարված, հռչակված և ճանաչված է իբրև Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով պարփակված տարածություն։
Իրական Հայաստանի տնտեսական տարածությունը չափելի է պետության ներկայիս տնտեսական դրությամբ, այն միջազգային տնտեսական համակարգերով և ցանցերով, որին ինտեգրված է կամ հետագայում կինտեգրվի պետությունը և այդ իմաստով աշխատանքի միջավայրը տեսանելի է։
Հիմնական խնդիրներն առաջ են գալիս Իրական Հայաստանի գեղագիտական տարածության մասով, որը կարող է ներկայացվել մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական շերտերով։ Իրական Հայաստանի գեղագիտությունն ըստ էության նկարագրված չէ, ավելին՝ այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր․
- հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին,
- կամ ենթադրում է Իրական Հայաստանի չգոյություն,
- կամ դիտում է Իրական Հայաստանը իբրև ժամանակավոր ու պարտադրված հանգրվան,
- կամ առնվազն օտար է Իրական Հայաստանի բովանդակությանը
- կամ իմաստավորված չէ Իրական Հայաստանի առկայությամբ,
- չի արտահայտում իրական կյանքը Իրական Հայաստանում
Իրական Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական բովանդակության չբացահայտվածությունը և իբրև այդպիսին ներկայացվող միջավայրերի անհամադրելիությունը Հայաստանի Հանրապետության գաղափարի հետ, առաջ են բերում խնդիրներ նաև քաղաքական և իրավական հարթության մեջ Իրական Հայաստանը սահմանելու և այդ սահմանումը մինչև վերջ իրացնելու տեսանկյունից։
Ուստի անհրաժեշտ է Իրական Հայաստանի գեղագիտությունը ձևակերպելն ու այն փոխկապակցելը քաղաքական և իրավական իրողություններին, որոնք նաև Իրական Հայաստանի հանրային ամբողջական ընկալման հիմք կդառնան՝ հանդես գալով իբրև հանրային համերաշխության առանցքային գործոն։
Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։
Այդ իմաստով կարելի է առանձնացնել երկու մակարդակի խնդիրներ․
- Որ գաղափարների շուրջ պետք է կառուցվի Իրական Հայաստանի գեղագիտությունը եւ ինչ պետք է արտահայտի։
- Ինչպե՞ս պետք է դրսևորվի, ներկայացվի և տարածվի Իրական Հայաստանի գեղագիտությունը։
Իրական Հայաստանի գաղափարների շուրջ խոսակցությունը սերտ առնչության մեջ է քաղաքական բովանդակության հետ։ Միևնույն ժամանակ բարդ է ասել՝ քաղաքականությո՞ւնն է, որ ընկնում է գեղագիտության հիմքում, թե՞ հակառակը, որովհետև քաղաքական գաղափարների ձևակերպումը իր հերթին հիմնվել է հանրային ընկալումների, պատկերացումների, սոցիալ-հոգեբանական ըմբռնումների վրա։ Օրինակ՝ խաղաղության գաղափարը, որ առանցքային է Իրական Հայաստանի քաղաքական տարածության համար, իրականում հիմնված է հանրային թաքնված խոսույթի և պրակտիկաների վերլուծության վրա, որոնք ակնհայտորեն մատնանշում են խաղաղության հիմնաքարային նշանակությունը անհատական, ընտանեկան, համայնքային և հանրային մակարդակներում։ Այդուհանդերձ, այս մակարդակում աշխատանքը պետք է հիմնվի Իրական Հայաստանի առանցքային գաղափարների առանձնացման և դրանց գեղագիտական ներկայացման վրա։
Խնդիրների երկրորդ խումբը հղում է ձևին՝ ինչպես պիտի դրսևորվի Իրական Հայաստանի գեղագիտությունը, որտեղ, ում կողմից։ Թերևս չափազանցություն չի լինի արձանագրել, որ Հայաստանի գեղագիտության ձևավորման առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը եղել է խաղաղության բացակայությունը, որ էապես ազդել է կենցաղային և բեմական բովանդակության միջև անջրպետի խորացման վրա։
Մշակութային և սոցիալական բովանդակությունը, որ Հայաստանի քաղաքական և իրավական տարածության հանրային կենցաղի ու առօրյայի մաս է, շատ հաճախ ստորադասված է՝ իբրև ուշադրության անարժան, անորակ, անճաշակ բովանդակություն, որը պետք է արմատախիլ անել և որը տեղ չունի բեմերում, նկարներում, արվեստում, գրականության մեջ։ Ամոթի զգացողությունը, այդպիսով, որոշ ժամանակ ի վեր դարձել է սեփական առօրյայի, զգացմունքների, մշակութային ձևերի մասին մտածելու հիմնական ձևը։
Մշակութային, հոգևոր, սոցիալական իմաստով արտաքուստ տեսանելի ձևերը, այսպիսով, երկու հիմնական դրսևորում են ստացել․կամ հանդես են եկել հնարավորինս պաթետիկ և վերամբարձ ձևերով, որոնք այդպիսով արժանի են համարվել ցուցադրմանը, բեմին, ներկայացմանը։ Կամ առօրեական կենցաղին, մշակութային ու հոգևոր ձևերին անդրադարձել են հիմնականում սպառողական մշակույթի համատեքստում՝ Հայաստանի վերնախավի և դրա հենասյուն հանդիսացած օլիգարխիկ, քրեական-կիսաքրեական, ինչպես նաև քաղաքական մետրոպոլիայի մշակութային հատկանիշները կրկնօրինակող կենցաղի, առօրյայի և դրանով թելադրված ճաշակի և գաղափարախոսության գեղագիտության ու ենթամշակույթի շրջանակներում։ Սա նաև էապես խեղել է հանրային խոսույթն ու գեղագիտությունը՝ թողնելով խորքային ազդեցություն հանրային վարքականոնի և արժեքների տեսանկյունից։ Իրական զգացողությունները, հույզերը, առօրյան ստվերվել են` մնալով ստվերում։ Սա ունեցել է նաև խորը քաղաքական հիմնավորում, քանի որ գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ: Արդյունքում քրեական, օլիգարխիկ կենցաղը և ճաշակը մատուցվում էին իբրև ազգային, հայաստանյան և հայեցի, իսկ հայրենասիրությունը ձևակերպվում էր իշխող ուժերի կողմից փաթեթավորված պաթետիկ ռազմատենչության և անժամանակ ու անսահման՝ ինչ-որ իմաստով ի վերուստ տրված հավերժական (առանց սոցիալ-պատմական համատեքստի) Հայաստանի պատկերացման վրա: Այսպիսով, բեմ և էկրաններ են բարձրացել ժամանակի վերնախավի թելադրած գաղափարախոսական պաթոսն ու վերամբարձությունը, և նույն այդ ժամանակի վերնախավի կենցաղային բառապաշարը և արժեքները՝ փառաբանելով «ճարպկությունը», անօրինական հարստացումը, բռնության և քրեական ենթամշակույթը կրող անձանց բարոյականությունը, սովորական ժողավրդի զոհականացումը և այլն:
Այս խնդիրն ածանցել է ևս մի իրավիճակ, որն է՝ ուրախության ու դրականի հանդեպ երբեմն քամահրական, երբեմն զգուշավոր վերաբերմունքը։ Նման իրավիճակում վիշտն ու տառապանքը դիտվում են իբրև ավելի վերամբարձ ու հետևաբար ներկայացմանը արժանի զգայական բովանդակություն, քան ուրախությունն ու կենսասիրությունը։ Իսկ սա բերել է նրան, որ ուրախության ու կենսասիրության հիմնական բովանդակությունը պարփակվել է կենցաղային ձևերում, այնինչ բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման։ Այս իմաստով կենցաղում պարփակված ուրախության ու կենսասիրության տեղափոխումը բեմ կարող է աջակցել նաև հանրային միջավայրում զգայական ֆոնի և տրամադրությունների էական փոփոխությանը։
Հանրային շղթայի տեսանկյունից զուտ արձանագրենք, որ իրականում բեմական նման բովանդակությունն աջակցել է պատերազմի քաղաքականությանը, որի հետ հաշտ է վշտի ու տառապանքի թեման։ Ուրախության և կենսասիրության զգայական բովանդակությունը անխուսափելիորեն փոխկապված է խաղաղությանը։
Խաղաղ, ստեղծարար կյանքը իր հերթին համեմված է անհատ-անհատ, անհատ-հանրություն, անհատ-պետություն բարդ հարաբերություններով, որոնք գեղագիտական հետազոտության անսահման նյութ են պարունակում:
Ինչպե՞ս խրախուսել հետևաբար այդ բովանդակությունը։ Սա դառնում է խնդիրների երկրորդ խմբի հետ աշխատելու հիմնական հարցը։
Փորձելով ընդհանրացնել երկու ուղղությամբ խնդիրներն ու ձևակերպելով այս հայեցակարգի շրջանակներում հասցեագրման ենթակա հիմնական հարցերը, հարցերի հետևյալ խումբն է առանձնանում․
- Որ գաղափարները պետք է ընկած լինեն Իրական Հայաստանի գեղագիտության հիմքում՝ ապահովելով քաղաքական և սոցիալական, մշակութային ու հոգեբանական բովանդակությունների մեջ հանրային համերաշխությունն ու ներդաշնակությունը։
- Ինչպես դարձնել այն գերակշռող բովանդակություն Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ծավալվող գեղագիտական ընդհանուր նկարագրում։
- Ինչպես այն դարձնել ներկայանալի միջազգային հարթակում՝ որպես Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող գեղագիտություն և խորհրդանշային համակարգ։
- Ինչպես նպաստել Իրական Հայաստանի գեղագիտության հետագա որակական զարգացմանը։
- Ինչպես հաղթահարել անջրպետը կենցաղային և բեմական արվեստի մեջ։
Որ գաղափարները պետք է ընկած լինեն Իրական Հայաստանի գեղագիտության հիմքում
Այս հարցի ընդհանուր պատասխանը հետևյալն է՝ այն գաղափարները, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին։ Առավել մանրամասն պատասխանը ենթադրում է հետևյալ հիմնական գաղափարների շուրջ Իրական Հայաստանի գեղագիտության կառուցում․
- Խաղաղություն
- Հայրենիքի և պետության նույնացում՝ հայրենաճանաչության կամ սեփական երկիրը ճանաչելու միջոցով
- Արդարություն, ազատություն, բարեկեցություն, անվտանգություն, ինչպես անհատական, այնպես էլ հանրային եւ պետական մակարդակներում
- Հանրային պատասխանատվություն, նախաձեռնողականություն և մասնակցություն
- Հանրային խոսույթում, արվեստում և մշակույթում փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն․ բոլոր խնդիրների շուրջ խոսակցության միջավայրի և հնարավորությունների ստեղծում
- Անընդհատ (ինքնա)կրթություն և ստեղծագործ աշխատանք
- Գեղագիտության միջավայրայնացում, որը պետք է հնարավորություն տա նյութականացնել Իրական Հայաստանի գեղագիտությունը հանրային համակեցության մակարդակում, այն տրամաբանությամբ, որ այն պետք է արտահայտվի ոչ միայն բեմերում եւ արվեստի ստեղծագործություններում, այլեւ քաղաքաշինական միջավայրում:
Պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի այս գաղափարների շեշտադրմանը, գեղագիտական տարբեր ձևերի միջոցով դրանց ընդգծմանը և տարածմանը։
Օրինակ՝ խաղաղության գաղափարի որդեգրումը իբրև Իրական Հայաստանի հիմնաքարային արժեք ենթադրում է, որ անհրաժեշտ է այդ գաղափարի իրացումը ապահովել հետագա շղթայում, արվեստային տարբեր ձևերի ու մշակութային տարբեր իրադարձությունների, գիտական, կրթական հետազոտությունների և քաղաքաշինական բովանդակության մեջ։ Այս բոլոր մատնանշված միջավայրերում ներկայումս գերշիխող է պատերազմի, վրեժի, ռազմականացման շեշտադրումը։ Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։ Ընդ որում, որպեսզի խաղաղությունը իրական բովանդակություն ստանա, այն պետք է հիմնված լինի տարածաշրջանի ճանաչողության, սեփական պատմության ճշմարիտ ու ազնիվ իմացության և քննական մտածողության վրա։ Պատերազմի ու ռազմականացման խոսույթը հիմնված է մյուսի ապամարդկայնացման վրա, որովհետև թշնամության համար անհրաժեշտ է բացառել մարդկային դեմքը, որևէ նմանության և ընդհանրության մասին խոսքը, անհրաժեշտ է պարզեցնել իրավիճակը սև ու սպիտակի՝ այնուհետև գործողության մղելու համար։ Տարիներ շարունակ պատերազմին ուղղված քաղաքականությունը տեղեկատվական ու գիտելիքային վակուում է ձևավորել տարածաշրջանի ներկայի նկատմամբ՝ այն փոխարինելով հիմնականում պատմական և կոնկրետ դիրքից մեկնաբանված տեղեկատվությամբ։ Այս պարագայում անհրաժեշտ է ցույց տալ իրավիճակի բարդությունն ու բազմաթիվ շերտերը, տեսանելի դարձնել տարածաշրջանը՝ նաև իր ընդհանուր շահերով, այդ թվում՝ տնտեսական, որոնք կարող են ակնհայտորեն խրախուսել այդ ուղղությամբ միտքն ու զգացողությունը։ Խաղաղության խոսույթը պետք է ներառի աջակցության ծրագրեր համատեղ նախաձեռնություններին՝ համատեղ կինոարտադրության, փառատոնների, ցանկացած այլ ձևաչափով, որտեղ կա մարդկային շփման հնարավորություն, մյուսի տեսանկյունը լսելու և հասկանալու հնարավորություն։
Իրականում պատերազմի գաղափարախոսությունը անդրադարձել է հայաստանյան հանրության վրա ոչ միայն իբրև տարածաշրջանի երկրների պարզունակացված ընկալում, այլ նաև իբրև սեփական երկրի ու հանրության պարզունակացված ընկալում, քանի որ պատերազմի համար անհրաժեշտ է նաև քո սեփական ինքնապատկերացումը այն ձևով, որը հաշտ է պատերազմի հետ, ցույց է տալիս դրա անխուսափելիությունը և նկարագրում է պատերազմը՝ իբրև միակ հնարավոր գոյակցության ձև։ Հետևաբար հայրենիքի և պետության նույնականացումն ու նույնացումը՝ երկրի ճանաչողության միջոցով խաղաղությանն ուղղված ուղիղ քայլ է։ Երկրի ճանաչողության միջոցով է ճանաչելի դառնում նաև տարածաշրջանը, սեփական բազմազանությունն ու բազմաշերտությունը։ Ինչը կարևոր է, այդ բազմաշերտության գիտակցման ու ճանաչողության միջոցով կոտրվում է նաև սեփական փոքրության մասին կարծրատիպային պատկերացումը, որը վերածվել է սեփական խեղճության մասին պատկերացման։ Հայրենիքի և պետության նույնացման քաղաքականությունը պետք է դառնա առաջին հերթին կրթական և հետազոտական բովանդակություն և շեշտադրում, այնուհետև իր դրսևորումն ունենա մեդիարտադրանքի, արվեստային տարբեր ձևերի միջոցով։ Սրա վառ օրինակը թերևս Արագածի թեմայի շուրջ ծավալված հանրային խոսույթում սեփական երկրի ներսում գտնվող բնապատկերներին ու լեռներին հայացքն ուղղելն էր։ Մեր սարերը պաստառային ցուցադրությունը, որ իրականացվեց 2023 թվականին, դարձավ այդ բովանդակությունը տեսանելի դարձնելու արվեստային ձևերից մեկը։ Սա պետք է դառնա ոչ թե առանձին միջոցառում, այլ քաղաքականություն՝ շարունակվելով տարաբնույթ հաղորդաշարերով, ցուցադրություններով ևն, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետության բնապատկերներն են, լեռներն են, լճերն են, բնակավայրերն են, մարդիկ են։ Այս առումով ուշագրավ փորձ էր, օրինակ չԵրևան հաղորդաշարը, որը ցույց էր տալիս Երևանից դուրս քաղաքները՝ հաղորդաշարի անվանումով ընդգծելով մի կողմից մայրաքաղաքից դուրս լինելը, մյուս կողմից՝ չերևալու հանգամանքը, անտեսանելի ու աննկատ լինելը։ Սակայն կարևոր է հաշվի առնել, որ այս հաղորդաշարը, նպատակ ունենալով տեսանելի դարձնել այլ բնակավայրերը, դա անում է բացասական շեշտադրմամբ՝ ժխտական ածանց օգտագործելով, ինչն արդեն իսկ կարող է խանգարել սկզբնական գաղափարին։ Այդ իմաստով շատ ավելի հաջողված է Ֆեստիվառ զբոսաշրջային-մարզային երաժշտական փառատոնը, որը նույն գործառույթն է անում, բայց դրական հիմքի վրա, տեսանելի ու ճանաչելի դարձնելով տարբեր բնակավայրերը իրենց բազմազանության մեջ։ Կարևոր է ընդգծել, որ իրականում սեփական երկրի պարզունակացված պատկերացումն ու ընկալումը բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում բնակվող քաղաքացիները շատ հաճախ չունեն բավարար տեղեկատվություն ու ճանաչողություն սեփական բնակավայրի վերաբերյալ։ Ասվածը հատկապես խրախուսվել է կրթական համակարգում, որտեղ երկրի ճանաչողությունը հանգեցվելով մի քանի խորհրդանշային վայրերի ու երևույթների իմացության՝ որևէ կերպ չի խրախուսել սեփական բնակավայրի վերաբերյալ ճանաչողությունը։
Հայրենիքի և պետության նույնացման համար առանցքային է պետական խորհրդանիշների նկատմամբ քաղաքացու պատկանելության զգացման ամրապնդումը, էմոցիոնալ կապի ստեղծումը։ Այս իմաստով, թերևս Իրական Հայաստանի գեղագիտության կարևորագույն խնդիրը սկսվում է օրհներգից, որը դրսևորվում է օրհներգի հանրային կատարման ամոթով։ Օրհներգի կենդանի կատարման պահանջն առաջին քայլերից է, որը պետք է նպաստի Իրական Հայաստանի արմատավորմանը։ Պետք է նշել, որ օրինակ՝ Օրհներգի մասին օրենքով դեռևս 2006 թվականից սահմանված է եղել պահանջ, որ այն պետք է կատարվի ամեն երկուշաբթի՝ դպրոցներում և բուհերում, սակայն երբեք չի կատարվել։ Օրհներգի կատարման պրակտիկան, որ ներդրվեց 2023-ից, ցույց է տալիս, որ այն փոխում է օրհներգի նկատմամբ վերաբերմունքը, օրհներգի հնչողությունն իսկ, որ յուրաքանչյուրի կատարման ձևով ու որակով, թերություններով, դառնում է իրենը, իր անձնականը։ Հետևաբար առանցքային է, որ օրհներգը կատարվի կենդանի, նույնիսկ երբ հնչում է ձայնագրությամբ, ամեն անգամ՝ ստադիոններում, պետական արարողակարգի միջոցառումներում՝ ներկաների կողմից, դրանով իսկ ամրապնդելով օրհներգի ներքնայնացումն ու յուրացումը՝ որպես սեփական երկրի ու ինքնության մաս։ Ընդհանուր առմամբ պետության հանդեպ պատկանելության զգացման ամրապնդումը Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական խնդիրներից պետք է լինի, որը պետք է մեկնարկի պետության և քաղաքացու կապը տեսանելի դարձնելով, պետության հանդեպ վստահության ձևավորմամբ, քաղաքացու՝ իրեն պետության տերը համարելու զգացողության ամրապնդմամբ։ Այսօր հաճախ կարելի է հանդիպել իրավիճակի, երբ որևէ մշակութային կամ հանրային միջոցառման ժամանակ, որ իրականացվում է պետության աջակցությամբ, այդ փաստը կամ չի մատնանշվում կամ մատնանշվում է հպանցիկ՝ տեսանելի չդարձնելով պետության մասնակցությունն ու դերը։ Մինչդեռ միևնույն ժամանակ մասնավոր որևէ մասնակցություն, անկախ իր ծավալից, ներկայացվում է շատ ավելի հնչեղ ու ստեղծում գերակշռող տպավորություն։ Անհրաժեշտ է պետության գործընկերությամբ մշակութային միջոցառումներում սահմանել այդ գործընկերության ներկայացման ստանդարտ՝ սկսած արտաքին տարբերանշաններում պետական խորհրդանիշների տեսանելի գործածումից մինչև պետության մասնակցության մասին պատեհ պահին հիշատակումները և պետության ներկայացուցչին ըստ պատեհության խոսքի տրամադրումը։
Այս նույն տրամաբանությամբ պետք է անդրադառնալ նաև մյուս գաղափարներին՝ հետևողական քաղաքականություն վարելով դրանց իրացման շուրջ կրթական, գիտական, մշակութային միջավայրերում, որոնք կարող են լինել առանձին նախաձեռնությունների և միջոցառումների, այս ուղղությամբ իրականացվող հատուկ ծրագրերի տեսքով։
Միջավայրային գեղագիտություն
Միջավայրային գեղագիտությունը կարող է առանցքային լինել կյանքի որակն ու տեսադաշտը փոխելու տեսանկյունից։ Ասվածի վկայությունն է տարբեր բնակավայրերում, հատկապես առավել մեկուսացած և փոքր բնակավայրերում նոր դպրոցների կառուցումը, որտեղ դրանք դառնում են միջավայրը վերափոխող կառույցներ՝ իրենց գունային ձևավորմամբ, ընձեռած հնարավորություններով։ Նույն տրամաբանությունը դիտարկելի է տարբեր բնակավայրերում երիտասարդական կենտրոնների ձևավորման պետական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, երբ ակնհայտ է, որ այդ միջավայրերը դառնում են հատկապես դեռահասների ու երիտասարդների համար ժամանցի, քննարկման, հանրային շփման նոր ձևաչափ։ Այս իմաստով գեղագիտությունն ունի առաջնային նշանակություն, որովհետև խնդիրը միայն գործառնական իմաստով քննարկման սենյակ, սեղան ու աթոռ ունենալը չէ, այլ դրանք ձևավորելը մի գեղագիտության մեջ, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս փոխել իր տեսադաշտը, առնչվել այլ հեռանկարի հետ։ Այս իմաստով միջավայրային գեղագիտությունը կարող է խրախուսել ու աջակցել գաղափարների ու մտքերի փոփոխությանը, որոնք ներշնչվում և ազդվում են այդ միջավայրերից։ Այս ուղղությամբ աշխատանքները կարևոր կլինի, որ ներառեն համայնքների հետ աշխատանքը։ Օրինակ, դրանք կարող են լինել սուբվենցիոն ծրագրեր, որոնք ուղղված են այդ թվում քաղաքաշինական միջավայրի բարեկարգմանը, ասենք՝ գյուղերում շենքերը ներկելուն, տանիքները փոխելուն, տների դիմաց ծաղկանոցներ ձևավորելուն, առանձին հոգածությամբ պետք է վերաբերել մայթերին, փողոցների գծանշումներին, աղբամաններին։ Իրական Հայաստանի միջավայրային գեղագիտության առանցքային խնդիրներից մեկը հանրային վերաբերմունքն է աղբին։ Ընդ որում, աղբ ասելով այս դեպքում պետք է հասկանալ ոչ միայն առտնին աղբը, այլ ընդհանուր առմամբ հանրային միջավայրի և կենցաղի կոկիկ կազմակերպման պրակտիկայի բացակայությունը, որի վկայությունն է, օրինակ, անպիտան և անճոռնի թափոնների ներկայությունը տարբեր բնակավայրերում։ Այս դեպքերում պետք է որդեգրել փուլային գործելակերպ․ առաջին փուլում պետք է մեկանգամյա գործողություններով միջավայրը ազատել առկա աղբից, ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, օրինակ՝ տեղադրել աղբամաններ այն տեղերում, որտեղ դրանք չկան ևն։ Զուգահեռաբար պետք է ձևավորել վերահսկողական հստակ գործիքակազմ՝ քննարկելով տուգանքների առավել արդյունավետ մեխանիզմը, համայնքային հսկողության եղանակները՝ համայնքային ոստիկանության, այլ մարմինների կողմից, ինչպես նաև խրախուսական համակարգ, օրինակ՝ ձևավորել հարթակներ, որտեղ բնակիչները կարող են իրենց համար այլևս ոչ անհրաժեշտ ապրանքները փոխանցել դրա կարիքն ունեցող քաղաքացիներին, օրինակ՝ հին կահույքը կամ այլ գույք։ Այս պրակտիկան տարածված է եվրոպական տարբեր քաղաքներում, որտեղ դա դառնում է իրերի գործածման արդյունավետության, նաև հանրային համերաշխության լավ օրինակ։ Սկզբնական շրջանում այս վարվելակերպը կարող է կազմակերպվել սոցիալական ծառայությունների կողմից, ընդգրկել կրթական համակարգի կողմից համապատասխան նախաձեռնություններ, երբ օրինակ, երեխաները կարող են նման համայնքային նախագծեր անել, իրենց այլևս չգործածվող գրքերն ու խաղալիքները մյուսին փոխանցելով ևն։ Խրախուսական այս քաղաքականությունը պետք է օգնի հանրային վարքականոնի և մշակույթի արմատավորմանը։
Առանձին թիրախային ծրագրեր կարող են իրականացվել բնակավայրերում փոքրիկ սրճարանների գործունեության համար, որոնք էապես կարող են փոխել սոցիալական միջավայրը, հանրային շփման մշակույթը երկու տեսանկյունից։ Գյուղական բնակավայրերում եթե հանրային սննդի որևէ օբյեկտ կա էլ, ապա դրանք հիմնականում դառնում են տղամարդկանց հավաքատեղիներ, որտեղ կանայք հիմնականում խուսափում են լինել։ Հանրային սննդի մյուս ավանդույթը տարբեր արարողությունների առիթով համատեղ խնջույքները կամ հոգեհացերն են, որոնք չեն կարող իրենցով փակել հանրային շփման և մշակույթի ամբողջ միջավայրը, սակայն շատ դեպքերում հենց այդպես է։ Ասվածի վկայությունն օրինակ Ալագյազ համայնքն է, որտեղ կառավարության աջակցությամբ կառուցվել է արդիական շենք, որտեղ կարող է դառնալ համայնքային կենտրոն՝ ծառայելով թե հանրային տարբեր միջոցառումների, թե մշակութային կյանքի կազմակերպման համար, սակայն համայնքի պահանջը ձևակերպվում է իբրև սգո և ուրախության արարողությունների կազմակերպման վայր մի պարզ տրամաբանությամբ՝ հանրային շփման այլ պրակտիկաները ուղղակի բացակայում են համայնքում և դրանց կազմակերպման անհրաժեշտության գիտակցումը այդ իսկ պատճառով չկա․ որովհետև չկան դրա ձևավորման պայմանները։ Միևնույն ժամանակ նման միջավայրերի ձևավորումը պետք է զգայուն լինի սոցիալական միջավայրի նկատմամբ։ Օրինակ, Դիլիջանում հանրային սննդի բազմաթիվ և նորաձև կետեր են բացվում, սակայն դրանցում շատ հազվադեպ կարելի է հանդիպել տեղի բնակիչների՝ որպես հաճախորդ։ Նրանք այդ կետերի գործունեության մեջ ներգրավված են հիմնականում որպես աշխատող։ Սա իրականում ոչ թե աջակցում է հանրային շփման նման միջավայրերի տարածմանը, այլ խորացնում է հեռավորությունը, քանի որ հստակ դերաբաշխում է դնում տեղի բնակիչների համար, որպես աշխատավայր, բայց ոչ որպես սեփական ժամանցը ու առօրյան կազմակերպելու վայր։ Այսպիսի պրակտիկայի արմատավորմանը օգնում է նաև այն, որ այդ հանրային սննդի կետերի գնային քաղաքականությունը միտված չէ տեղի բնակչությանը և զգալիորեն ավելի բարձր է, քան նրանց միջին եկամուտը։ Ուստի շատ կարևոր է սրճարանային մշակույթի տարածման մեջ ուշադիր ու զգայուն լինել բնակավայրերի սոցիալական կոնտեքստին՝ ոչ թե ուղղակի զբասաշրջային ենթակառուցվածք, այլ տեղում բնակվող մարդկանց համար հասանելի ենթակառուցվածք ձևավորելու համար։
Ինչպես դարձնել Իրական Հայաստանի բովանդակությունը գերակշռող բովանդակություն Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ծավալվող գեղագիտական ընդհանուր նկարագրում
Իրական Հայաստանի գեղագիտության աջակցությունը պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով․
- Տեսանելիության բարձրացում, որը պետք է իրականացվի հիմնականում մեդիահարթակների միջոցով, օրինակ, կարող է իրականացվել հենց նման խորագրով շարք ըստ տարբեր ոլորտների՝ Իրական Հայաստանի գեղագիտությունը․ երաժշտություն, Իրական Հայաստանի գեղագիտությունը․ կերպարվեստ, Իրական Հայաստանի գեղագիտությունը․ պար, Իրական Հայաստանի գեղագիտությունը․ թատրոն ևն, ինչը հնարավորություն կտա անդրադառնալ տարբեր արվեստային ձևերին, դարձնել դրանք տեսանելի՝ շեշտադրելով այն բովանդակությունը, որի մասին արդեն իսկ խոսվեց նախորդ բաժնում։
- Իրական Հայաստանի գաղափարների շուրջ նոր բովանդակության ստեղծման խրախուսում, ինչը կարող է լինել առանձին դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնք, օրինակ, կխրախուսեն այդ գաղափարներին անդրադարձող ներկայացումների, գրական ստեղծագործությունների, համերգների ևն մշակութային արտադրանքի ստեղծումը։
- Մշակութային ձևերի և արվեստի գնահատման մեխանիզմների ներդրում, որոնք կնպաստեն և կխրախուսեն Իրական Հայաստանի տրամաբանության մեջ ձևավորված բովանդակությունը, մասնավորապես, օրինակ՝ ոլորտային մրցանակաբաշխությունների ներդրումը, որտեղ ստեղծագործող մարդիկ կունենան հնարավորություն և հարթակ՝ ինքնադրսևորվելու, ներկայացնելու իրենց արվեստը։
- Տարբեր բնակավայրերում փառատոնային քաղաքականության իրականացում, որը հնարավորություն է տալիս հատկապես իրականացնել հայրենաճանաչության գործառույթը, այդ իմաստով հատկապես հաջողված է Ֆեստիվառ զբոսաշրջային-մշակութային մարզային փառատոնի ձևաչափը, սակայն կարևոր են նաև առանձին թեմատիկ փառատոնները, ինչպես հոգևոր երաժշտության փառատոնը Արուճում, հեղինակային երգի փառատոնը Ջերմուկում, լավաշի փառատոնը Արևիկում ևն, որոնք թե տվյալ բնակավայրերի տնտեսական զարգացման միջավայր են ձևավորում, թե նպաստում են տարբեր բնակավայրերի ու մշակութային ձևերի ու ժառանգության մասին իրազեկվածության բարձրացմանը։ Այս ուղղությամբ աշխատանքները կարող են ներառել նաև աջակցություն ներքին զբոսաշրջության խթանման համար, որը կարող է դրսևորվել համապատասխան տնտեսվարողներին ուղղված տարբեր աջակցւթյան գործիքներով։
- Ստեղծագործականության խթանում, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ կարիք կա խրախուսել հանրության շրջանում ստեղծագործելու և կյանքին ստեղծագործաբար մոտենալու պայմաններն ու հնարավորությունները։ Այս տրամաբանության մեջ է հեղինակային երգի մրցույթը, որ մեկնարկեց 2024 թվականին։ Այս քաղաքականության առանձին ուղղություն է տաղանդների զարգացման քաղաքականությունը, որի շուրջ քննարկումները ծավալվում են Տաղանդների զարգացման հիմնադրամի շրջանակներում։
- Մշակութային կյանքի հասանելիության բարձրացում․ մշակութային կյանքին հասանելիությունը կյանքի որակի կարևորագույն ցուցիչ է։ Ըստ այդմ, այն, թե մարդիկ ինչ հաճախությամբ են որևէ մշակութային միջոցառման ներկա լինում, կարողանում ճաշել կամ սրճել հանրային սննդի որևէ վայրում՝ էապես կապված է կյանքի ընդհանուր որակի բարելավման հետ։ Ուստի մշակութային ծառայությունների հասանելիության խնդիրը պետք է դիտել Իրական Հայաստանի գեղագիտության շրջանակներում։ Այն խստորեն փոխկապված է ժողովրդավարության միջավայրի ամրապնդման և աղքատության հաղթահարման հետ։ Մասնավորապես, բազմաչափ աղքատության հայեցակարգն ընդգծում է, որ աղքատության չափումներից մեկը մարդու՝ գործորդ կամ սուբյեկտ լինելու զգացողության, ընկալման ոչնչացումն է։ Սա այն իրավիճակն է, երբ մարդը մտածում է, որ իր ձայնը կարևոր չէ, ինքը ոչինչ չի կարող փոխել կամ չի կարող ազդել որևէ բանի վրա։ Ակնհայտ է, որ կառավարման ոչ ժողովրդավար համակարգերում հետևաբար բազմաչափ աղքատությունը դառնում է իշխանության պահպանման կարևոր գործոն։ Հետևաբար աղքատության հաղթահարումը միայն նյութական ապահովվածության խնդիր չէ, այլ նաև կյանքի որակի ընդհանուր փոփոխության, որտեղ մարդը դառնում է որոշում կայացնող, տարբեր միջավայրերում ու տարբեր ծառայություններից օգտվող քաղաքացի՝ բազմազան կենսափորձով ու հմտություններով։ Այս շարքում հատկապես կարևոր է հասանելիությունը մշակութային կյանքին լայն իմաստով, որը կարող է էապես աջակցել աղքատության հաղթահարմանը՝ փոխելով կյանքի որակը։
Իրական Հայաստանի գեղագիտության աջակցության կարևորագույն ձևերից է դրա պատկերման և ներկայացման հնարավորությունների ընդլայնումը՝ առաջին հերթին կրթական համակարգում և պետության կողմից ֆինանսավորվող և իրականացվող ծրագրերում՝ որպես բացառիկ առաջնահերթություն։ Խոսքը վերաբերում է նրան, որ օրինակ, որևէ նկարչական մրցույթում կամ ցուցահանդեսում, կամ կերպարվեստի ուղղությամբ որևէ նախագծում առաջնահերթություն տրվի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնապատկերների պատկերմանը, ավելին, հանրակրթական և նախադպրոցական հաստատությունները պետք է ուղղորդված լինեն կերպարվեստի դասաժամերին, նկարչության խմբակներում առաջին հերթին պատկերել տվյալ համայնքի, տարածաշրջանի բնապատկերները, ինչն առաջին հերթին կխրախուսի ճանաչել և տեսնել առաջնային միջավայրը։ Այս ուղղությամբ ջանքը խրախուսելու նպատակով կարելի է կազմակերպել նաև համանման թեմատիկ ցուցահանդեսներ, ցուցադրություններ։
Բացի այդ, անհրաժեշտ է ունենալ ուսումնական հաստատություններում միջոցառումների ուղեցույց, որը կուղղորդի պատշաճ ուշադրություն դարձնել կրթական բովանդակությանը՝ նվազեցնելով պաթետիկ դրսևորումները։ Մասնավորապես, ներկայումս շատ տարածված է ներկա գտնվել որևէ հաստատության գործունեության հոբելյանական տարեթվին նվիրված միջոցառմանը, որտեղ չկա որևէ բառ բուն կրթական գործընթացի, ծրագրերի, հաջողությունների մասին, դրա փոխարեն միջոցառումը լիքն է ոչ մի բովանդակություն չփոխանցող պաթետիկ ելույթներով։ Անհրաժեշտ է վերափոխել նման հանդիսությունների իրականացումը դեպի երկխոսային միջավայր, որտեղ ավելի շատ կխոսեն շահառուները, կներկայացվեն նախագծերն ու հաջողությունները։ Ինչը կարևոր է, նման միջոցառումների ժամանակ, եթե դրանք չեն կրում հատուկ հոգևոր բովանդակություն, կարիք չկա ներառել հոգևորականների առանձին խոսքն ու հատկապես հանրային աղոթքը։
Պետության կողմից իրականացվող միջոցառումների և փառատոնների ժամանակ անհրաժեշտ է բացառել չգրված գրաքննությունը, որ որոշ ժանրեր կարող են հնչել բեմից կամ ցուցադրվել, իսկ որոշ այլ ժանրեր՝ ոչ։ Անհրաժեշտ է հարթակ տրամադրել տարբեր ստեղծագործողների և տարբեր ժանրերի համար՝ հնարավորություն ընձեռելով հանրությանը հաղորդակից լինել արվեստի բազմաժանրությանը և ընտրել իրենց համար ավելի ընկալելի, ցանկալի կատարումները, երաժշտությունը, ներկայացումները։
Անհրաժեշտ է վարել առանձին քաղաքականություն ժամանակակից գրականության հրատարակության և ներկայացումների բեմադրության մասով՝ ամրապնդելով կապը այսօրվա գրական ստեղծագործության և բեմի մեջ, հնարավորություն տալով ժամանակակից հեղինակների բեմադրվել։ Այս նպատակին է ուղղված պետական դրամաշնորհային ծրագրի վերափոխումը, որտեղ գրական ստեղծագործության ստեղծման կամ թարգմանության աջակցությունը ներառում է նաև համագործակցության առկայության նախապայման ժամանակակից որևէ թատրոնի հետ՝ ստեղծվող կամ թարգմանվող գործի հետագա բեմադրման համար։
Իրական Հայաստանի գեղագիտության խրախուսման կարևոր ձևերից է էթնո (ազգային) զբոսաշրջությունը կամ համայնքային զբոսաշրջությունը, որը կարող է ծանոթացնել ժողովրդական մշակույթի, կենցաղավարման հիմնական ձևերին ու պրակտիկաներին՝ դրանք դարձնելով նաև տնտեսական գործունեության հնարավոր ձև։
Ինչպես Իրական Հայաստանի գեղագիտությունը դարձնել ներկայանալի միջազգային հարթակում՝ որպես Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող գեղագիտություն և խորհրդանշային համակարգ
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող գեղագիտությունը միջազգային հարթակում ներկայանալի դարձնելը պետք է ենթադրի միջոցառումների շարք հետևյալ ուղղություններով․
- Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող խորհրդանիշների և գեղագիտության փաթեթի կազմում, որի հիման վրա այնուհետև պետք է տեղի ունենա դրանց տարածումը։
- Թվային հարթակներում Հայաստանի Հանրապետությունն արտացոլող գեղագիտության տարածում, ընդ որում, թե հայալեզու, թե օտարալեզու տարբերակներով (այդ թվում՝ թվային մարկետինգի, բրենդավորման գործիքների կիրառմամբ)։
- Պետական արարողակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գեղագիտության շրջանակներում նվերների պատրաստում։
- Հայաստանի մշակութային օրերի անցկացման, տարբեր խմբերի և կառույցների հյուրախաղային գործունեության շրջանակներում թեմաների և բովանդակության ընտրություն՝ Իրական Հայաստանի գեղագիտության շրջանակներում։
- Համապատասխան արտադրանքի վիզուալիզացիայի ժամանակ այդ փաթեթի նմուշների դիտարկում, օրինակ, կարող են թողարկվել Հայաստանի լեռների պատկերներով տետրեր, նոթատետրեր ևն։
- Զբոսաշրջային քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետության գեղագիտության ներկայացումը շեշտադրող բովանդակության և երթուղիների կազմում, դրա ներկայացում ոլորտի կազմակերպություններին։
Ինչպես նպաստել Իրական Հայաստանի գեղագիտության հետագա որակական զարգացմանը
Իրական Հայաստանի գեղագիտության հետագա որակական զարգացումը պետք է լինի կարևոր ռազմավարական նպատակ, որի իրագործմանը հնարավոր է նպաստել մի քանի եղանակներով, ինչպես․
- Հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային գործընթացներին ինտեգրումը և իրավունքների պաշտպանության արդյունավետության էական բարձրացումը, սա խիստ կարևոր է, թե այն տեսանկյունից, որ մշակութային արտադրանքի ու ծառայությունների որակի բարձրացման ուղիղ գործիք է, թե նաև պետականության ամրապնդման մաս է, քանի որ հեղինակային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խոսում է պետության կայացման աստիճանի մասին։
- Մշակութային արտադրանքի ու ծառայությունների՝ որպես ստեղծարար արդյունաբերության ճյուղի խթանումը, սա կարևոր է, որպեսզի Իրական Հայաստանի գեղագիտությունը չմնա իբրև պետության կողմից սնվող և խրախուսվող բովանդակություն միայն, այլ նաև ձեռք բերի ինքնաբավ ու ըստ այդմ էլ շարունակական զարգացող բնույթ։ Հետևաբար խիստ կարևոր է ձևավորել մշակութային արտադրանքի և ծառայությունների որակյալ շուկա ու միջավայր։ Ասվածի օրինակ է, մասնավորապես, մշակութային աճուրդների մեխանիզմի ներդնումը։ Ներկայումս հաստատման գործընթացում գտնվող մշակութային աճուրդների մասին օրենքի նախագիծը, ընդունման պարագայում կդառնա ոչ միայն մշակութային արժեքների ձեռքբերման ինստիտուցիոնալ և թափանցիկ միջավայր, այլևս էապես նոր պայմաններ կձևավորի ՀՀ ժամանակակից արվեստագետների համար՝ իրենց գործերը վաճառելու, ներկայացնելու և դրանով իսկ եկամուտ գեներացնելու, որպես ստեղծագործող կայանալու և զարգանալու համար։ Այս նպատակին է ուղղված նաև Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքի փոփոխությունը, որտեղ սահմանվում են ինքնազբաղ արվեստագետները՝ որպես առանձին խումբ՝ հնարավորություն ընձեռելով հետագայում վերջիններիս հանդեպ առանձնացված քաղաքականություն ունենալ, այդ թվում՝ հարկային դաշտում։
- Միջազգային համագործակցության խթանումը, սա հատկապես կարևոր է, քանի որ որևէ ստեղծագործական գործունեություն, առանց համագործակցային միջավայրի և կապերի վաղ թե ուշ կանգնում է գավառականության ու որակի անկման խնդիրների առաջ։ Հատկապես ժամանակակից պայմաններում համագործակցությունը էապես փոխում է նաև աշխարհի հանդեպ դիտանկյունը, թույլ է տալիս Իրական Հայաստանը ոչ թե պատկերել վակուումի մեջ, այլ կապվածության մեջ, որը պետք է լինի Իրական Հայաստանի գլխավոր բնութագրիչներից մեկը։ Քանի որ Իրական Հայաստանը խաղաղ Հայաստանն է, այն նախևառաջ աշխարհին կապված Հայաստանն է։ Այս քաղաքականությունը կգա ամրապնդելու նաև ՀՀ կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը, որովհետև ճանապարհներն ու հաղորդակցությունը ենթադրում են նաև հաղորդակցության մշակույթի առկայություն, ենթադրում են նաև համագործակցություն և այդ ճանապարհներով և հաղորդակցության ուղիներով կարող են տեղափոխվել ոչ միայն բեռներ, այլ կարող է տեղի ունենալ նաև մշակութային երկխոսություն և գործընկերություն։ Ավելին, կապերի նման բազմազանեցումն ու բազմաշերտությունը կօգնի ամրապնդել նաև տնտեսական հարաբերությունները։ Միջազգային համագործակցության խթանման լավ օրինակ է կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, որը գործարկվել է 2025 թվականից։ Սա մի կողմից թույլ է տալիս երկիր ներգրավել նոր ներդրումներ՝ կինոարտադրության ոլորտում, մյուս կողմից խթանում է կինոարտադրության զարգացումը երկրում, ինչպես նաև կբարձրացնի Հայաստանի Հանրապետության տեսանելիությունը միջազգային հարթակներում՝ հաշվի առնելով, որ ներդրումների վերադարձի առավել բարձր տոկոսները գործելու են այն պարագայում, երբ այստեղ նկարահանվող ֆիլմերը նաև նպաստեն Հայաստանի հանրահռչակմանը։
Ինչպես հաղթահարել անջրպետը կենցաղային և բեմական արվեստի մեջ
Ինչպես հայեցակարգի սկզբում արդեն իսկ արձանագրվեց, Հայաստանի գեղագիտության ձևավորման առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը եղել է խաղաղության եւ բացակայությունը, որ էապես ազդել է կենցաղային և բեմական բովանդակության միջև անջրպետի խորացման վրա։
Խաղաղության բովանդակությունը արտացոլվել է հիմնականում կենցաղում։ Կարևոր է նշել, որ կենցաղ ասելով այս պարագայում հասկանում ենք ոչ բեմը, բեմից դուրս ձևավորվող մշակույթը։ Բեմական արվեստը կամա թե ակամա ծառայել է պատերազմի ու վրեժի քաղաքականությանը՝ դառնալով այդ գաղափարների արվեստային ներկայացման, մշակութային դաշտում արտացոլման հենասյունը։
Խաղաղության քաղաքականությունը և այդ հիմքի վրա Իրական Հայաստանի գեղագիտության կառուցումը, հետևաբար, մի կողմից պահանջում է, որ կենցաղային արվեստը բեմում դրսևորման հնարավորություն ստանա, մյուս կողմից հարց է բարձրացնում բեմական արվեստի վերաիմաստավորման վերաբերյալ։
Բեմական և կենցաղային արվեստի միջև անջրպետի հաղթահարումը նաև բովանդակության և զգայական փոփոխություն է պահանջում։ Պաթետիկ բովանդակությունը պետք է փոխարինվի իրական բովանդակությամբ։ Վշտի ու տառապանքի զգացողությունները պետք է համակշռվեն կյանքի և ուրախության զգացողություններով։
Պաթետիկ բովանդակության փոխարինումը իրական բովանդակությամբ նշանակում է, որ բեմում պետք է [Ընդ որում, այստեղ բեմը պետք է հասկանալ պայմանական՝ դրա տակ նկատի ունենալ մշակութային և արվեստային ներկայության ֆորմալ և ճանաչված միջավայրերը]․
․
- Անդրադարձ արվի այն թեմաներին, որոնք տևական ժամանակ համարվել են ոչ նպատակային կամ ոչ հարմար բեմի համար, օրինակ, անդեգրաունդային երաժշտությունը, նկարիչները, գրողները պետք է հնարավորություն ստանան խոսել, ցուցադրվել, ներկայացվել բեմից, դասական թատրոններում պետք է հնարավորություն ունենան բեմադրվել տարբեր թատերախմբերը, որոնք դուրս են ակադեմիական թատրոնի շրջանակներից։
- Դասական անդրադարձման թեմաները պետք է վերաիմաստավորված ներկայացվեն, քննական հայացքի ու ամբողջական բովանդակության ներքո։ Սա նշանակում է, որ օրինակ, որևէ գրողին անդրադարձը պետք է ասմունքից վերափոխել նշված գրողի ստեղծագործության սոցիալական-մշակութային-քաղաքական համատեքստերի վերլուծության, վերջինիս ստեղծագործությանն ու արվեստին լայն անդրադարձով՝ մատնանշելով տարբեր շերտերը, կապեր ստեղծելով ժամանակակից իրականության ու խնդիրների հետ։ Օրինակ՝ նշելով Պարույր Սևակի հարյուրամյակը՝ բացառապես ասմունքի երեկոների և ցերեկույթների փոխարեն հարկ է անդրադառնալ նաև Սևակի հրապարակախոսական հոդվածներին, քննարկել դրանցում ներկայացվող խնդիրները, տեսանելի դարձնելով Սևակին՝ որպես հանրային գործիչ։
Զգայական փոփոխությունը ենթադրում է, որ կենսասիրությունն ու ուրախությունը պետք է ոչ պակաս ներկա լինեն բեմերում, քան տառապանքն ու վիշտը։ Սա նշանակում է խաղացանկերի, ցուցադրությունների ևն մշակութային իրադարձությունների շեշտադրումների փոփոխություններ։ Ասվածը կարող է մեկնարկել պետական աջակցությամբ ծրագրերում այս շեշտադրումները իրականացնելով, որպեսզի այնուհետև դրանք հնարավոր լինի տարածել ընդհանուր համակարգում։ Զգայական փոփոխությունը պահանջում է նաև պետության և հանրության համար կարևոր որոշ օրեր նշելու ձևերի ու մեխանիզմների վերաիմաստավորում։ Այսպես, պետության համար կարևոր գործիչների ծննդյան օրերին պատվո պահակախումբ ունենալը այդպիսի ձև ներդնելու փորձ էր, սակայն կարևոր է գտնել այնպիսի ձևեր, որոնք այդ գործիչներին կմոտեցնեն քաղաքացիներին՝ նրանցից հեռացնելու փոխարեն։ Առանձնակի կարևոր է ունենալ Անկախության օրվա և Հանրապետության օրվա նշելու հստակ արարողակարգ, որը կենթադրի քաղաքացիների մասնակցություն և այդ օրերը կվերածի համընդհանուր տոնի։
Ինչը կարևոր է, այս բոլոր փոփոխությունները պետք է լինեն քննարկված, հանրային իմաստով ներկայացված և ընկալված, որպեսզի հանրային խոսույթը ուղեկցի գեղագիտության փոփոխությունը, վերլուծի, քննարկի և քննադատի՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով հընթացս լավարկել գործընթացը, այն դարձնել մասնակցային։
Այս ամենի համատեքստում կարևոր է, որպեսզի Իրական Հայաստանի գեղագիտությունը չընկալվի իբրև հակադիր դասական բեմական արվեստին։ Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը։ Չկա որևէ արվեստային ձև, որին հակադիր լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է լինի ներառական և ներկայացնի բոլոր ձևերը։ Արժեքային և սկզբունքային շեշտադրումներն ու քննադատական, վերլուծական մտածողությունն է, որ պետք է բնորոշեն Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է հաղթահարի հայաստանյան հանրության ամենամեծ խնդիրներից մեկը՝ կեղծավորությունն ու ձևականությունը, գեղագիտությունը դարձնելով արվեստային և մշակութային ձևերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին։





