Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումն ունի շատ հստակ աշխարհաքաղաքական չափում. նկատում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նրա վերլուծությունը վերաբերում է Ալիևի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանն ամբողջությամբ վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները.
Բաքուն ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հնարավոր է ձևավորել դիվերսիֆիկացված, իսկ ավելի ճիշտ՝ ռուսական ազդեցությունից դուրս գտնվող տրանսպորտային-լոգիստիկ համակարգ:
Մասնավորապես, Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով ցորենի փոխադրումը լիովին տեղավորվում է «Միջին միջանցք» ռազմավարության մեջ, որի առանցքային նպատակն է ձևավորել Ռուսաստանը շրջանցող երթուղի՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության ներքո՝ նպատակ, որը երբևէ չի թաքցվել նախագծի շահառուների կողմից:
Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ 2024 թ. Հայաստանի հացահատիկի պահանջարկի 99,9%-ը, իսկ ցորենի՝ մոտ 50 %- ը բավարարվել է հենց Ռուսաստանից ներկրումների միջոցով:
Նախ՝ Ղազախստանը «Միջին միջանցքի» առանցքային խաղացողներից է, որը հանդես է գալիս որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայի կարևոր հանգույց: Վերջինս, ինչպես գիտենք, ռուս-իրանա-հնդկական «Հյուսիս-Հարավ» նախաձեռնության գլխավոր անտագոնիստն է:
Ս.թ. օգոստոսին Ղազախստանը 5-ամյա դադարից հետո վերակագնեց ցորենի և ալյուրի արտահանումը Ադրբեջան, Վրաստան և Իրան: Հավանաբար, այս ֆոնին Երևանի ու Աստանայի միջև ձեռք է բերվել համաձայնություն ներկրման մասին, ինչին արձագանքել է Բաքուն՝ ելնելով սեփական գեոտնտեսական հաշվարկներից:
Այդ հաշվարկներն առավել քան հստակ են՝
հնարավորինս զարկ տալ տարածաշրջանում «Միջին միջանցքի» դիվերսիֆիկացմանը ու դրանով իսկ բարձրացնել սեփական կշիռը Եվրոպայում: Վերջինս տեսնում է Հայաստանը որպես Global Getaway նախաձեռնության մասնակից, այսինքն՝ նույն «Միջին միջանցքի» մաս, որը պատրաստ է Սյունիքով հաղորդակցություն տրամադրել՝ Կասպիից Եվրոպա ածխաջրածինների անխոչընդոտ արտահանման համար («Անդրկասպյան գազամուղ»): Սա, իր հերթին, թույլ կտա Ադրբեջանին կատարել ԵՄ առաջ ստանձնված պարտավորությունները՝ 2027 թ.-ից ի վեր կրկնապատկելու բնական գազի մատակարարումները:
PR չափման մեջ այս ամենը ներկայացվելու է որպես նախագիծ, որը կոչված է ապահովելու Հայաստանի տրանսպորտային կապը Եվրոպայի ու Ասիայի հետ:
Վատ առիթ չէ նախընտրական քարոզչության համար: