Փետրվարի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Անթալիայում մասնակցելով գաղթականներին նվիրված միջոցառմանը, ԱՄՆ-ի դեսպանի հասցեին դիվանագիտական էթիկայի բոլոր կանոնները ոտնահարող հայտարարություններ է արել:
Մինչ այդ, արտգործնախարարություն էին հրավիրել այն երկների դեսպաններին, այդ թվում՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին, որոնք անվտանգության նկատառումներով Ստամբուլում փակել էին իրենց գլխավոր հյուպատոսարանները և դրանով խիստ զայրացրել թուրքական իշխանություններին:
Ամենայն հավանակությամբ, նախարար Սոյլուի վերոհիշյալ անպատկառությունը այդ զայրույթի արձագանքն է, ինչպես նաև առաջիկա ընտրությունների շեմին երկրում միանձնյա իշխող «Արդարություն և բարգավաճում» կուսակցության ընտրազանգվածին նախագահ Էրդողանի շուրջը համախբելու թուրքական իրականության մեջ ընդունված բավականին արդյունավետ փորձ:
Թերևս պատահական չէ, որ դրանք լայն արձագանք գտան թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր թուրքական գրեթե բոլոր թերթերում, մասնավորապես՝ «Սյոզջու» թերթում: Սոյլուի հայտարարություններին անդրադարձան նաև միջազգային լրատվամիջոցները, այդ թվում, իհարկե, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը:
Փետվարի 4-ի համարում «Հե՛տ քաշիր կեղտոտ ձեռքդ Թուրքիայի վրայից» խորագրով Թուրքական «Սյոզջուն» գրում է.
«Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, դիմելով ԱՄՆ-ի դեսպանին, ասաց. «Հստակ գիտեմ, թե որքան եք ուզում խառնել Թուրքիան: Ձեր այդ կեղտոտ ձեռքերն ու դիմակավոր չարահեգնական դեմքը հեռու տարեք Թուրքիայից»:
Այդ պահին ամերիկյան մի ռազմանավ մտել էր Բոսֆոր և խարիսխ գցել Դոլմաբահչեի ափամերձ ջրերում: ԱՄՆ-ի դեսպան Ֆլեյքին գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ բաձրացավ նավի տախտակամած:
Այդ ընթացքում, ինչպես վերը նշված է, նախարար Սոյլուն Անթալիայում մասնակցում էր գաղթականների նահանգային վարչության նիստին, որտեղ նա անդրադարձավ Ստամբուլում եվրոպական երկրների հյուպատոսարանների փակման խնդրին և բացեիբաց թիրախավորեց ԱՄՆ դեսպան Ջեֆրի Լ. Ֆլեյքին՝ ասելով. «Մեր երկրում նշանակվող յուրաքանչյուր ամերիկյան դեսպան իսկույն հայտնվում է Թուրքիայում գործող իշխանությունը տապալելու կամ հեղաշրջում կազմակերպելու մտմտանքների մեջ: Այս հանգամանքը, թերևս, Թուրքիայի հիմնական անբախտությունն է: Ամերիկյան ամեն մի դեսպան մտածում է՝ ի՞նչ անեմ, որ վնաս տամ Թուրքիային և սիրաշահեմ հայրիկներիս: Ուրիշ դարդ չունեն: Սա տարիներ շարունակ եղել է Թուրքիայի գլխավոր անբախտությունը:
Ամերիկացիները մյուս դեսպաններին հավաքում, փսփսոցներով աշխատում են խելք սովորեցնել նրանց: Նրանք նույն կերպ են վարվում նաև Եվրոպայում: Չէ՞ որ իրենք են կառավարում Եվրոպան, այսինքն՝ ամերիկյան դեսպանատները:
Մի անհանգստացեք, ասածներս չի տխրեցնի եվրոպացիներին: Նրանք ամեն ինչ գիտեն: Նստում, դիզայն են անում: Մտածում էին դիզայն անել նաև Թուրքիայի հետ, սակայն մի մարդ խափանեց նրանց նկրտումը, և այդ մարդը Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր»:
Սոյլուն շարունակեց. «Այստեղից դիմում եմ ամերիկյան դեսպանին: Գիտեմ, թե որ լրագրողներին ես հոդված պատվիրում: Շատ հստակ եմ ասում՝ հետ քաշիր կեղտոտ ձեռքերդ Թուրքիայի վրայից: Ինձ հայտնի են, թե ինչեր եք ձեռնարկում, ինչ քայլեր եք անում և ինչպես եք փորձում Թուրքիան խառնել: Ամեն ինչ այնքան պարզ է»:
Այնուհետև Սոյլուն ասել է, որ ամերիկացիները հյուպատոսարաններ փակելու միջոցով ուզում են կարգի հրավիրել Թուրքիային, ապա նրանց մեղադրել է Իրաքում (PKK-ին) և Սիրիայում (Սիրիայի դեմոկրատան ուժերին) ահաբեկիչներին զինելու, մարզելու և հովանավորելու մեջ:
Ըստ թուրքական «Սյոզջու»-ի՝ ԱՄՆ-ի դեսպան Ֆլեյքն ամերիկյան ռազմանավ է բարձրացել առավոտյան ժամը 08։00-ին. գուցե դա է պատճառը, որ նախարար Սոյլուի լկտիությանը պատասխանելու փոխարեն, նա լրագրողներին ասել է. «Թուրքիան և ԱՄՆ-ն դաշնակիցներ են: Ես և մեր գլխավոր հյուպատոսը գոհ ենք, որ այստեղ ենք: Սա հրաշալի քաղաք է և մենք այստեղ ունենք 350 հոգանոց անձնակազմ և հոյակապ մի ռազմանավ»:
Ի դեպ՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, ի հավելումն թուրքական թերթի, նշում է, որ Ջեֆրի Ֆլեյքը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պարտականություններն ստանձնել է հունվարի 26-ին, այսինքն՝ ընդամենը 8 օր առաջ:
Հակոբ Չաքրյան