Azg.am-ի զրուցակիցն է վիեննաբնակ ՀՀ քաղաքացի, «Մենք Ավստրիայում» ֆեյսբուքյան խմբի համակարգող Նաիրա Մելքումյանը։
-Նաի՛րա, տեղյակ եմ, որ Ավստրիայում և Սլովակիայում բնակվող մի խումբ հայեր օրերս ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի առջև խաղաղ ցույց են կազմակերպել՝ եվրոպական այդ կառույցին կոչ անելով ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի բացման, հումանիտար ճգնաժամին վերջ դնելու ուղղությամբ։ Գրասենյակից որևէ կերպ արձագանքե՞լ են ցուցարարների պահանջին։
-Ակցիան տեղի ունեցավ, ակցիայի մասնակիցները ԵԱՀԿ գրասենյակին նամակ հանձնեցին։ Նամակում ներկայացված է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մեր հորդոր-պահանջը, անդրադարձ է կատարված ընդհանուր իրավիճակին, որ 120 հազար արցախահերի անհրաժեշտ է սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ հասցնել։
Անցորդներին բուկլետներ բաժանեցինք, պատմեցինք, թե ինչի համար ենք հավաքվել։ Մարդիկ շատ քիչ էին տեղեկացված՝ ինչ է Արցախում կատարվում։ Պատճառն այն է, որ այս թեման շատ քիչ է լուսաբանվում։ Բոլորը զարմանում էին, որ արցախահայերն այդքան վաղուց շրջափակման մեջ են, զարմանում էին, թե ինչու այդ մասին պատշաճ մակարդակով չի բարձրաձայնվում, հետաքրքրվում էին, թե ինչով կարող են օգնել։
Ակցիայի ընթացքում ունեինք տարբեր կարգախոսներով պաստառներ՝ «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Արցախահայերը ձեր կարիքն ունեն» և այլն։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի կողմից հնարավոր արձագանքին, ապա պատասխանի, որպես այդպիսին, սպասում ենք մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում, քանի որ ակցիայից հետո ընդամնեը մեկ օր աշխատանքային եղավ՝ ուրբաթ։
-Նաի՛րա, Ձեր կարծիքով, սփյուռքի ո՞ր սերունդն է ավելի շատ հետարքրված հայաստանյան կյանքով՝ հի՞ն, թե նոր։
-Ինձ թվում է՝ բոլորն էլ հետաքրքրված են։ Կոնկրետ Ավստրիայում հայկական գաղութը շատ տարբեր է. այստեղ ընտանիքներ կան Սիրիայից, Հայաստանից, այլ երկրներից, բայց չնայած այդ բազմազանությանը՝ բոլորին համախմբում է Հայաստանը։ Մենք բոլորս ցավում ենք Հայաստանի համար։
Իմ երեխաները ծնվել են Ավստրիայում, այլ երիտասարդներ էլ կան, որ Ավստրիա եկել են 10-15 տարեկանում, բայց ցանկանում են լինել Հայաստանում, տեսնել, թե կյանքը հայրենիքում ինչպիսին է, ուզում են Հայաստանի օգտին որևէ լավ բան անել։
-Իսկ նոր սերունդն Արցախի, արցախյան հիմնախնդրի մասին պատշաճ տեղեկացվա՞ծ է։
-Ինձ թվում է՝ սա կախված է յուրաքանչյուր հայ ընտանիքից։ Եթե ընտանիքի հասուն անդամները մտահոգված են Արցախով, նրա խնդիրներով, ապա երեխաներն այդ մասին ինֆորմացիա ստանում են։ Ամեն դեպքում, 2020 թվականի պատերազմը փոխեց իրավիճակը. Եթե նույնիսկ Արցախի թեման մինչ այդ «քնած էր», 44-օրյա պատերազմից հետո մարդիկ արթնացան։
Համայնքի անդմաները շատ սրտացավ են, սոցիալական ցանցերում հետևում են միմյանց, և ինֆորմացիան շատ արագ տարածվում է։ Լավ թե վատ առիթներով հավաքվում ենք, քննարկում ենք։
-Նաի՛րա, կոնկրետ Ձեր շրջապատում հայերի քանի՞ տոկոսին է հուզում Հայաստանի և Արցախի հարցը։ Ավստրիահայ գաղթօջախը որքանո՞վ է հաղորդակից հայկական երկու պետությունների խնդիրներին։
– Տարբեր առիթներով, ինչքան էլ շփվել եմ այստեղի հայերի հետ, ոչ մի անգամ չեմ լսել այնպիսի կարծիք, որ Հայաստանն ու Արցախը նրանց չեն հետաքրքրում։ Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են մարդկանց համար, նրանք քննարկում են այդ իրադարձությունները, խոսում դրանց մասին։
-Իսկ որքանո՞վ են Ավստրիայում և Սլովակիայում ապրող հայերը ներգրավված Հայրենիքի կյանքին։ Գուցե ինչ-որ ծրագրեր, նախագծեր են իրականացվում։
-Ինձ դժվար է այդ թեմայով խոսել։ Գիտեմ, որ երիտասարդներն ինչ-որ սպորտային ծրագրերի են մասնակցում, տեղյակ եմ, որ Հայաստանից ուսանողներ են գալիս այստեղ սովորելու, ամեն հարցում օգնում ենք նրանց։ Շատ համախմբված ենք, ուղղորդում ենք, աջակցում ենք։ Մի խոսքով, համայնքի կապը շատ ամուր է, մանավանդ, կրկնում եմ, պատերազմից հետո։
-Նաի՛րա, սփյուռքի՝ Ձեր դեպքում Եվրոպայի գաղթօջախները, կապվա՞ծ են իրար հետ, թե գործում են որպես առանձին օղակներ և տեղեկացված չեն միմյանցից։
-Բացի ավստրիահայերից՝ տեղյակ եմ նաև Գերմանիայի հայկական համայնքից։ Գերմանահայ համայնքն, իհարկե, ավելի մեծաթիվ է։ Ֆրանսահայ համայնքը ևս բավական մեծ է և համախմբված։
Մենք որոշակի խմբերում համագործակցում ենք Եվրոպայի հայ համայնքերի հետ, անընդհատ հարցումներ ենք կատարում։ 44-օրյա պատերազմի օրերին դեղորայքի, այլ իրերի փոխանակման մասին էինք պայմանավորվում։ Համայնքային մակարդակով ավելի սերտ ենք համագործակցում, քան անհատների մակարդակով։



