«Մայր Հայաստանը» քննարկում է «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հարցը։
«Բայց նրանք պետք է լսեն մեր դիրքորոշումը. մենք իշխանափոխություն ենք ուզում»,- ասուլիսին հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա նշել է, որ «Մայր Հայաստանում» կան այնպիսի մարդիկ, որոնք միմյանց հետ անձնական լավ հարաբերություններ չունեն, բայց բոլոր սկզբուքնները մի կողմ են դրել ու համախմբվել մեկ գաղափարի շուրրջը՝ իշխանաձոխություն։
«Մենք այդպիսի մարդ չունենք, որ Քպ-ի հետ համագործակցության գնա։ Ընտրություններին այդպիսի քույր-կուսակցություններ կային։ Ընդ որում՝ ասում են, որ քվեաթերթիկները հաշվելիս մի պահ է եղել, որ այդ քույր-կուսակցությունը քպ-ին հավասար ձայն է ստացել։
Ոչ «տասովշիկները» փրկեցին քպ-ին, ոչ հնդիկները»,-ասաց Թևանյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Երևանում իշխանազրկում իրականացնելուց հետո, կարճ ժամանակում Նիկոլ Փաշինյանին քաղաքական լուսանցքից դուրս են ուղարկելու։
«Մարդկանց մոտ հույս է արթնացել, այդ հույսին պիտի տիրություն անենք։
Իմ հաճախորդը Նիկոլ Փաշինյանն է, ես նույնիսկ քաղաքապետի խնդիր չեմ դնում, պաշտոնի խնդիր չեմ դնում, մենք գնում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Մենք չենք քննարկի՝ փոխքաղաքապետի կամ այսինչ վարչության պետի պաշտոնը մեզ տվեք։ Եթե Մարության Հայկը պատրաստ է քաղաքապետ դառնալ, մենք պատրաստ ենք աջակցել նրան բայց կասենք՝ ամբողջական իշխանափոխություն պետք է լինի, իսկ դետալները կքննարկենք հետո»,- նշեց Թևանյանը։
«Մայր Հայաստանը» Երևանի քննարկման թեմա է դարձնելու Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերը, այլ բան դաշինքին չի հետաքրքրում։
«Մենք ստացել ենք հանրության աջակցությունը, մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ աջակցությանը և հեռացնել Փաշինյանին իշխանությունից։ Մեր գլխավոր օրակարգային հարցը Հայաստանի ու Արցախի հարցն է. օգտագործեցինք Երևանի ավագանու ընտրությունները և մեր օրակարգն առաջ տարանք»,- հավելեց Թևանյանը։
Երևանում իշխանափոխությունը նշանակում է վարչական լծակից զրկել իշխանությանը։ Փողոցային գործընթաց և վարչական լծակներից զրկում, այնուհետև՝ արտահերթ ընտրություններ։
«Գոնե կազատվենք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Դա ամիսների խնդիր է։ Իշխանազրկումից հետո դա արագ է լինելու, մենք ժամանակ չունենք, որ սպասենք՝ Փաշինյանը Ալիևի հետ պայմանագիր կնքի, ադրբեջանցիները գան, լցվեն Հայաստան, Զանգեզուրի միջանցքը տա, հետո իշխանափոխություն անենք։ Պատրաստ ենք միասնական ճակատ ստեղծել, որպեսզի փոփոխություն անենք»,- խոսքն ավարտեց Անդրանիկ Թևանյանը։