«Մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքան մենք հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ. ԱԺ-ում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հաստատեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև այնտեղ եղել է «5-րդ շարասյուն»։
«Մենք պետք է իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք, խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է, ու բանակը դրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, նրանից է, որովհետև պահանջը կամ, գուցե, պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության»,-ասաց Պապիկյանը։
Նոր էսկալացիայի վտանգն օդում կախված, Արցախը լինել-չլինելու սպառնալիքի տակ՝ ՀՀ իշխանությունները դեռ նախկինների ու ընդդիմության հետ կռիվ են տալիս։
Հայաստանի ղեկավարը խոսում է, որ շատ հնարավոր է՝ Հայաստան, առհասարակ պետականություն չունենանք, խաղաղության պայմանագիրն էլ խաղաղություն չի բերելու մեզ, իսկ Պաշտպանության նախարարը բանակի բարեփոխումների, սպառազինության մասին հարցերին պատասխանում է աշխատավարձերի բարձրացման մակարդակում։
«Հսկայական գործ է արվում։ Ատեստավորված պայմանագրայինները ստանալու են բավականին բարձր աշխատավարձ՝ կրկնակի, եռակի բարձր։ Սպաների աշխատավարձը կբարձրանա 80-100 տոկոսով, եթե նրանք ատեստավորվեն։ Ատեստավորման հիման վրա աշխատավարփերի բարձրացումը կազմում է 80 միլիարդ դրամ»,- Պապիկյանը ոգևորված է այսպիսի «բերափոխումներով»։
Ամեն օր միջազգային լրատվամիջոցները հրապարակում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի Պաշտպանության նախարարների ելույթներն ու հայտարարությունները՝ ամեն բառը սեփական երկրի անվտանգության պաշտպանության, նոր մարտահրավերներին, հավանական պատերազմներին դիմակայելու համատեքստում, ամեն խոսքը՝ սեփական ժողովրդին հավատ ներշնչող, ուժ տվող, ապահովության զգացում ձևավորող. ասես այդ երկրներն արդեն պատրաստվում են հարձակվել հարևան երկրների վրա։ Իսկ Հայաստանը, որ պատերազմից 5 պակաս իրողության մեջ է ապրում, ունի այնպիսի մի իշխանություն, որի թիրախը ոչ թե մինչև ատամները զինված թշնամին է, այլ սեփական ժողովուրդը, որի առաջ ամեն օր նախընտրական քարոզարշավի բեմադրություններ է անում՝ այս բարեփոխումն ենք անում, աշխատավարձն այսքանով ենք բարձրացնում, այս խմբի համար ատեստավորում ենք անց կացնում…
Ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ նոր պատերազմի շեմին ՀՀ իշխանությունը սթափվելու նշաններ ցույց չի տալիս։ Թշնամին նստել է ՀՀ սահմաններից ներս, հարյուրավոր գերիներ ունենք Բաքվում, Արցախն ենք կորցնում, օդում Հայաստանի անվտանգության հարցն է, տարածքային ու մարդկային նոր կորուստների վտանգը, իրենք դեռ փողից են խոսում։